NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խուլիգանություն՝ Մարտունում, հրդեհ՝ Երեւանում
2008 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 10-ի սահմաններում, անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, Մարտունի քաղաքի բնակելի շենքերի պատերին փակցրել է սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող թռուցիկներ՝ ուղղված ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ Մարտունի քաղաքի մի շարք պաշտոնատար անձանց:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Իսկ Երեւանում փետրվարի 09-ի լույս 10-ի գիշերն անհայտ անձը, պատուհանի ապակին կոտրելու միջոցով, դյուրավառ հեղուկով լցված ապակյա տարա է նետել Երեւանի Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի 31 հասցեում գտնվող՝ ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը: Բռնկված կրակից այրվել է ակումբային աթոռը եւ ստվարաթղթե արկղը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում 10.02.08թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաապրանքագիտական փորձաքննություններ:
