NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տյառնընդառաջ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Ինչպես տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով նոր օրը սկսվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն։ Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն։ Ժողովրդական ավանդույթի համաձայն` եկեղեցուց դուրս բերված մոմի կրակով վառում են նաև Տյառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, «ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։
Ըստ Ավետարանի, Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան «Տիրոջը ներկայացնելու» (Ղուկ. Ա 22)։ Նրանց ընդառաջ է գալիս Սիմոն անունով Աստծո ծառան, ով Տիրոջից խնդրել էր իրեն այնքան կյանք տալ, մինչև տեսնի Աստծո փրկությունը: Սրբազան ավանդության համաձայն, երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։
Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28)։ Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8)։ Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովհ. Ը 12)։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տյառնընդառաջի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։
