Միայն ոչ ի հաշիվ մարդու իրավունքների

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի կարծիքով, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հաշվառման քարտերի տվյալները և քննչական ու դատախազական աշխատանքի հաշվետվությունների տվյալները ոչ միայն հաճախ չեն համընկնում, այլև էական հակասության մեջ են գտնվում:

Մնացական Սարգսյանը կարծում է, որ հանցագործությունների հաշվառման օրինականությունն ապահովելու նպատակով խիստ արդիական է տվյալ բնագավառում միասնական մոտեցումների ձևավորման, միասնական պրակտիկայի արմատավորման հիմնախնդրի լուծումը, ինչի համար նախ անհրաժեշտ է ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի մասնակցությամբ, հետաքննական ու նախաքննական բոլոր մարմինների կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելով, համապատասխան փոփոխություններ կատարել հանցագործությունների հաշվառման միասնական կարգի մասին հրահանգում, ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող վիճակագրական քարտերում, դրան զուգընթաց մշակելով և գործողության մեջ դնելով քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններին համապատասխանող հաշվետվությունների նոր՝ դատախազության և հետաքննական ու նախաքննական բոլոր մարմինների համար համընդհանուր ձևաթղթեր՝ ապահովելով գրանցման ու համակարգման համար դրանց հստակությունն ու հարմարավետությունը:

Տվյալ խնդիրների լուծման հրատապությունը պայմանավորված է նաև նրանով, որ հանցագործությունների հաշվառման կանոնակարգումը օրենսդրական փոփոխություններին զուգընթաց չիրականացնելու հետևանքով դատավարական մի շարք սուբյեկտների գործունեության վիճակագրությունն արդեն իսկ դուրս է մնացել հաշվառումից կամ պատշաճ չի հաշվառվում:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում չեն հաշվառվում հարկային, մաքսային, հրշեջ և քրեակատարողական մարմինների՝ որպես հետաքննության մարմինների կողմից ընթացք տրված նյութերը, ուստի վիճակագրությունը հանրապետությունում քրեածին իրավիճակի և առանձին հանցատեսակների գծով, այսօրվա դրությամբ ամբողջական չէ:

Գլխավոր դատախազի ցուցումով մարզերի և համայնքների դատախազները տեղերում կատարել են հանցագործությունների ռեալ և օբյեկտիվ հաշվառում, արդյունքում պարզ է դարձել, որ հանցագործությունների նվազում տեղի չի ունեցել: Օրինակ, միայն մայրաքաղաքում 607 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է տուժողի բողոքի բացակայության և կողմերի հաշտվելու պատճառաբանությամբ, եթե դա հաշվառվեր, ապա դեպքերի քանակը կկազմեր 4735, այսինքն, 13 դեպքով ավել, քան 2006թ., մինչդեռ ըստ վիճակագրության տվյալների Երևանում արձանագրվել է 4722 դեպք և նվազումը կազմել է 12,6 %: Հանցագործությունների հաշվառման միասնական բանկը, մեր կարծիքով, պետք է մնա ՀՀ ոստիկանության համակարգում, սակայն հաշվառումը պետք է կատարվի առանց խախտումների:

Հարկային պետական ծառայության հետ պետք է քննարկել հարկային ոլորտի հանցագործություններով ՀՀ քր. օր. 189 հոդվածի 5-րդ մասով նախատեսված առաջին անգամ հանցանք կատարած և պետությանը պատճառված վնասի և հաշվարկված տույժերի ու տուգանքների վերականգնման դեպքում անձին պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ տվյալ արարքի հաշվառումը ապահովելու հարցը:

Քննարկվող հիմնախնդրի համատեքստում խիստ մտահոգիչ է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 44-րդ հոդվածի գործողությունը դադարեցնելուց հետո՝ սկսած 2005 թվականի հունվարից, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործեր հարուցելու և դրանք դատարան ուղարկելու պրակտիկան:

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են այս առումով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր առաջարկությունները: Մինչ Ազգային ժողովի կողմից փոփոխությունների ընդունումը մարզերի ու համայնքների դատախազները պարտավոր են այս բնույթի գործերով քննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելիս խստորեն ղեկավարվել ՀՀ քր. դատ. օր-ի 16-րդ գլխի պահանջներով, հետևելով, որպեսզի ոստիկանության բաժիններն այս հանցակազմի հաշվին չկարգավորեն հանցագործությունների շարժընթացի ու բացահայտման իրենց ցուցանիշներն ի վնաս օրինականության և մարդու իրավունքների: