NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պետական կառույցների միջնորդությունների մեծ մասը հինմավորված չի եղել
Դատախազական մարմինները շարունակել են գործնական միջոցներ ձեռնարկել պետական
շահերի պաշտպանության, մասնավորապես պետությանը պատճառված վնասը վերականգնելու
ուղղությամբ, փետրվարի 8-ին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ
Թամազյանը: Կատարված ուսումնասիրություններով և ստուգումներով հայտնաբերվել է 830
խախտում (որից 339-ը հայտնաբերվել է վարչության կողմից), հարուցվել է 74 քրեական
գործ, ներկայացվել 471 հայց` 3մլրդ 30մլն դրամի պահանջի վերաբերյալ (քննվել է 397
հայց, բավարարվել է 388-ը` 1 մլրդ. 588 մլն. դրամի չափով), բերվել է 68 (67)
վճռաբեկ բողոք, որից 20-ը բավարարվել է, 4-ը՝ մերժվել, 34-ը՝ վերադարձվել,
մյուսները դեռ չեն քննարկվել: Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում
կամովին վերականգնվել է 184 մլն դրամ:
Գլխավոր դատախազության աշխատանքային ծրագրի համաձայն ստուգվել է գյուղատնտեսության,
մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություններում աշխատանքների,
ապրանքների, ծառայությունների ձեռքբերման (գնումների) գործընթացում պետական շահերի
պաշտպանության վիճակը, ֆինանսների և էկոնոմիկայի, բնապահպանության,
առողջապահության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի նախարարություններում,
պետական գույքի կառավարման վարչությունում, անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեում, Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրվել է պետության գույքային շահերի
պաշտպանությանն առնչվող վճիռներով 2006թ. ընթացքում պետական մարմինների կողմից
իրականացված միջոցառումների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
ՈՒսումնասիրության արդյունքով հայտնաբերված թերությունների ու խախտումների մասին
հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին, որի արդյունքում համապատասխան
նախարարություններին և ծառայություններին հանձնարարվել է ձեռնարկել կոնկրետ
միջոցառումներ արձանագրված թերություններն ու բացթողումները վերացնելու
ուղղությամբ: Իսկ արձանագրված թերություններն ու բացթողումները եղել են տարաբնույթ:
Օրինակ` արձանագրվել են պետական մարմինների կողմից հայցեր չներկայացնելու,
ներկայացված հայցերով նիստին չներկայանալու պատճառով այն առանց քննության թողնելու,
հայցից հրաժարվելու հիմքով դրանք կարճելու, բավարարված հայցերով կատարողական թերթ
չստանալու, վճիռների կատարման փուլում օրենքի պահանջի խախտման դեպքեր: Նկատի
ունենալով, որ կատարված աշխատանքների մասին մանրամասն նշված է ներկայացված
զեկուցագրում և ելույթի համար հատկացված սեղմ ժամկետում այդ բոլորը ներկայացնել
հնարավոր չէ, ուստի հակիրճ կանդրադառնամ նշված ոլորտում աշխատանքներին խոչընդոտող
մի քանի հանգամանքների, դրանց վերացման անհրաժեշտությանը և մեր գերակա խնդիրներին:
Այսպես, քննարկվող ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանից, անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեից, հարկային պետական ծառայությունից և պետական այլ
մարմիններից ստացվել են 220 միջնորդություններ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքներ
բերելու խնդրանքով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայացված
միջնորդությունների զգալի մասը (220-ից 152-ը) եղել են չհիմնավորված, որոնց մասին
միջնորդություն ներկայացնող մարմինները, որոշ դեպքերում, չէին կարող չիմանալ:
Կարծում եմ համապատասխան մարմինները պետք է այսուհետ առավել մեծ ուշադրություն
դարձնեն ստուգումների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, օրենքի
պահանջների պահպանմանը, որի դեպքում անշուշտ կնվազի ինչպես անհիմն
միջնորդությունների թիվը, այնպես էլ կավելանա բավարարված հայցերի և բողոքների
քանակը: Պետական շահերի պաշտպանության, մասնավորապես պետությանը պատճառված վնասի
վերականգնման ոլորտում հաջորդ խնդիրը պայմանավորված է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից
զգալի թվով վճռաբեկ բողոքներ քննության չառնելու և, ըստ մեզ, անհիմն վերադարձնելու
հետ: Այս մասին վերջին տարիներին շատ է խոսվել, սակայն գործնականում նույն վիճակը
շարունակվել է նաև 2007թ.-ին: Փաստորեն զգալի թվով բողոքներ վարույթ չեն ընդունվում
առանց լուրջ հիմնավորման: Արդյունքում բողոքում նշված նյութական և դատավարական
նորմերի խախտումները պատշաճ վերլուծության և գնահատման չեն արժանանում և պետությանը
պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասները չեն վերականգնվում: Կարծում եմ՝ այդ
բողոքների զգալի մասով ավելի հեշտ է եղել վարույթ չընդունելը, քան քննարկման
արդյունքում նրանց մերժելն ու չբավարարելը: Դրա մասին է վկայում նաև այն որ բերված
վճռաբեկ բողոքներից ընդամենը 4-ն է մերժվել, մինչդեռ 34-ը վերադարձվել է: Այս
ամենով հանդերձ՝ մասնավորապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման
ոլորտում դեռևս կան զգալի թերություններ և բացթողումներ: Հենց միայն այն փաստը, որ
վերջին երկու տարվա ընթացքում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվածներից
285-ը նորից կատարել են հանցագործություններ վկայում է նրանց ուղղված չլինելու և
այդ մասին տարբեր հանձնաժողովների և դատարանների կայացրած որոշումների հիմնավորված
չլինելու մասին: Կան նաև զավեշտի հասնող դեպքեր, երբ օրինակ 7 անգամ դատապարտված
անձը 4 անգամ պայմանական վաղաժամկետ ազատվել է` բնական է ամեն անգամ ուղղված
լինելու պատճառաբանությամբ:
