NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչու են դատախազները մեղադրանքը վատ պաշտպանում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը փետրվարի 8-ին հայտարարել է, որ
շատ հաճախ դատարանները սխալ են որակում կատարված հանցագործությունը, իսկ
դատախազության աշխատակիցներն են մեղադրանքը պաշտպանելիս են թերանում։ Գագիկ
Ջհանգիրյանը խոսել է օրինակներով։
Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ոմն «Տոշի» կողմից կատարած, երկու
ատրճանակներից, օրը ցերեկով սրճարանում, տուժողների ուղղությամբ արձակված
կրակոցներով սպանության փորձը առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները անհիմն
որակում են ըստ հետևանքի՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վճռաբեկ դատարանը
նյութական իրավունքի նորմի նման աղաղակող ոտնահարման դեմ բերված բողոքը ուղղակի
վարույթ չի ընդունում, որովհետև բողոքը քննարկելը և մերժելը ավելի դժվար խնդիր է,
քան բողոքի ընդունումը մերժելը երկու նախադասությամբ:
Մեկ այլ դեպքում, վճռաբեկ դատարանը մերժում է բողոքը, գտնելով, որ խուլիգանության
ժամանակ դեպքի վայրից վերցված քարը պետք է դիտել որպես զենք օգտագործված առարկայով
կատարված խուլիգանություն, երբ այդ քարը թե հանցագործությունից առաջ, և թե
անմիջապես կատարման ընթացքում որևէ կերպ չի հարմարեցվել հարվածներ հասցնելու
նպատակին: Եթե 258-րդ հոդվածի 4-րդ մասի դիսպոզիցիայի «որպես զենք գործադրվող
առարկաները» դրանք նաև բնական քարն ու փայտն են, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ
օրենսդիրը չի օգտագործել ուղղակի «առարկաների գործադրմամբ» հասկացությունը, այլ
դիսպոզիցիա է ներմուծել «որպես զենք օգտագործված առարկա» ձևակերպումը, ինչը մեր
կարծիքով պետք է բավարարի զենքի հասկացության քրեաիրավական տեսության տարրական
չափանիշներին:
Օրինակները կարող են շարունակվել: Բայց որպեսզի տպավորություն չստեղծենք, թե մեր՝
դատախազության թերություններն ու բացթողումները մի կողմ դրած նորից դատարանների
ուժի մեջ մտած որոշումներն ենք քննարկում, ցանկանում եմ հույս հայտնել, որ վճռաբեկ
և վերաքննիչ դատարաններում կատարված փոփոխությունները ի վերջո հստակություն կմտցնեն
դատախազություն-դատարան հարաբերություններում, և որ ամենակարևորն է, դրանք
կկառուցվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությունների հենքի վրա և դատական
ակտերը այսուհետ մեզ համար ևս կանխատեսելի կլինեն: Խոստովանանեք, որ մեղադրանքի
պաշտպանության ոլորտում դեռևս լիովին չլուծված, չհաղթահարված խնդիր է մնում
նույնաբնույթ հանցագործություններով տարբեր տարածքներում պատժողական
քաղաքականության զգալի շեղումները, մինչդատական վարույթում կալանքի տակ
չգտնվողներին ազատազրկման դատապարտելու, և կալանավորումը որպես խափանման միջոց
ընտրված անձանց դատարանների կողմից ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտելու
պրակտիկան, մահվան ելքով ավտովթարների գործերով ազատազրկման չափից դուրս ցածր
մակարդակը, մեղադրողների կողմից գործի նյութերի թերի ու մակերեսային իմացությունը,
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5 և 6-րդ հոդվածների մեկնաբանմանն
առնչվող Եվրոպական դատարանի նախադեպերի չիմացությունն ու թերի տիրապետելը, քրեական
և քրեական դատավարության օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների, առանձին
դրույթների չիմացությունն ու անտեղյակությունը, հանցագործությունների որակման
տեսական հիմունքներին չտիրապետելը և այլն:
