NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպացի դիտորդները սեփական քննություն կիրականացնեն
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը սեփական հետաքննությունն է իրականացնելու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկ Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ տեղ գտած միջադեպի առնչությամբ, այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Գերտ Արենսը: «Ով էլ որ մեղավոր լինի այս միջադեպի համար` պետք է պատասխանատվություն կրի։ Մեր երկարաժամկետ դիտորդները աշխատում են ողջ երկրով մեկ: Նրանք կզրուցեն ներգրավված բոլոր կողմերի հետ եւ մեզ հաշվետվություն կներկայացնեն»,–հավաստիացրել է Գերտ Արենսը:
Իսկ մինչ այդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը ձեռնպահ է մնում կատարվածին գնահատականներ տալուց եւ հրաժարվում հայտնել, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը` նշելով, որ մոտ մեկ շաբաթից կհրապարակվի դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը, որտեղ տեղ կգտնեն գնահատականներ: Սակայն, նա նշում է, որ կան մտահոգություններ վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրարշավի ընթացքով, երբ նա այս կամ այն բնակավայրում նախընտրական հանդիպման է տանում քաղաքապետների, թաղապետների, պատգամավորների. «Դա, անշուշտ,վարչապետի պաշտոնի օգտագործում է քարոզարշավում»:
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդական առաքելությունը «շատ ավելի լուրջ» խնդիր է համարում թեկնածուներից մեկի հասցեին հնչած սպառնալիքը. «Մենք զննելու ենք, թե ինչ է ասել այդ սպառնալիքի առնչությամբ թեկնածու Արթուր Բաղդասարյանը»:
