NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արթուր Բաղդասարյանի հայտարարությունների հետքերով
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 04.02.08թ. գրավոր հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ իր հասցեին հնչած սպառնալիքների վերաբերյալ ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի 03.02.08թ. հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Ա.Բաղդասարյանը իր հասցեին հնչած սպանության սպառնալիքների մասին հայտարարել է Երեւան քաղաքի Ազատության հրապարակում՝ 03.02.08թ. տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը, հավելելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանից գրավոր հաղորդում չի ստացել:
Փոխարենը ՀՀ գլխավոր դատախազությունն դիմել է Ա.Բաղդասարյանին՝ խնդրելով տրամադրել ընտրախախտումների վերաբերյալ իր ունեցած նյութերը։ 2008 թ. փետրվարի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ «տեղի է ունենում վարչական ռեսուրսի բիրտ կիրառում, արդեն իսկ բաժանվում են ընտրակաշառքներ, հավաքվում են անձնագրեր, կազմվում են ինչ-որ ցուցակներ» եւ որ տիրապետում է ընտրակաշառք բաժանող անձանց տվյալների և մի պետական պաշտոնյայի կողմից հանցագործություն կատարելու փաստը արձանագրող տեսաերիզի: Նկատի ունենալով, որ հայտարարությունը պարունակում է հաղորդում ինչ-որ անձանց կողմից հանցագործություններ կատարելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը դիմել է Ա.Բաղդասարյանին՝ ներկայացնել հիշատակված նյութերը՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի «հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելիության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաև այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող՝ իրենց մոտ եղած նյութերը»:
