NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵՄ «Եռյակը» Բաքվում է
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը կարեւոր է Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի կայունության ու զարգացման համար, Բաքվում հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Ռուպելի խոսքերով, Lեռնային Ղարաբաղի խնդրից բացի, Եվրամիության «Եռյակը» Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է նաեւ էներգետիկ ոլորտին ու Ադրբեջանում ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող հարցեր:
«Մենք ուզում ենք, որպեսզի Ադրբեջանը դառնա ժողովրդավարության մոդել տարածաշրջանի համար։ Անշուշտ, մենք տեսնում ենք առաջընթաց, մասնավորապես տնտեսական ոլորտում, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավում: Բայց մենք կուզենայինք, որ արագանային նաեւ ժողովրդավարացմանն ուղղված քայլերը», - ընդգծել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները նաեւ ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերություններում առանցքային դեր է խաղում համագործակցությունը էներգետիկ ոլորտում:
«Եվրամիությունը սատարում է Տրանսկասպյան գազատարի շինարարությանը եւ Nabucco նախագծին եւ կոչ է անում Ադրբեջանին նույնպես մասնակցել այդ ծրագրերին», - հայտարարել է Բենիտա Ֆերերո-Վալդները: Այս երկու խողովակաշարերով Արեւմուտքը ծրագրում է շրջանցել Ռուսաստանն ու Ադրբեջանի, Կենտրոնական Ասիայի, հետագայում նաեւ Իրանի ու Սիրիայի էներգակիրները փոխադրել եվրոպական շուկա:
Իսկ ադրբեջանցի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ Եվրահանձնաժողովը չի աջակցում Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարությանը, Բենիտա Ֆերերո-Վալդները պատասխանել է. - «Մենք մշտապես ասել ենք, որ կսատարենք այն ծրագրերը, որոնք տարածաշրջանային նշանակություն կունենան թե’ քաղաքական, թե’ տնտեսական տեսանկյունից: Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը նման նշանակություն չունի»:
Եվրամիության հանձնակատարը պաշտոնական Բաքվին ու Երեւանին կոչ է արել ակտիվորեն մասնակցել տարածաշրջանային համագործակցություն ենթադրող նախաձեռնություններին: Եվրամիության «Տրոյկան» այսօր ժամանում է Հայաստան:
