NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ամենահարուստը էլի Սերժ Սարգսյանն է
Հունվարի 31-ի դրությամբ Հայաստանի հանրապետության նախագահի 9 հավակնորդներից ամենահարուստը, ինչպես եւ հունվարի 29-ին՝ հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նա ունի 69.550 միլիոն դրամ, սրանից 26.284.780 միլիոնը ծախսել է եւ հիմա ունի՝ 43.265.220 դրամ։
Առանց ֆինանսների քարոզարշավ իրականացնող Արման Մելիքյան, Արամ Հարությունյան, Տիգրան Կարապետյան «եռյակը» էլ չկա։ Տիգրան Կարապետյանն ինքն իր հաշվին փոխանցել է 600 000 դրամ, ծախսել 580 000 եւ առայժմ ունի 20 000 դրամ։ Արամ Հարությունյանի հաշվին մի ֆիզիկական անձ փոխանցել է 190 000 դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։ Արման Մելիքյանը նախկինի նման դեռ ոչ մի լումա ոչ ստացել է, ոչ՝ ծախսել։
Առաջվա նման Վահան Հովհաննիսյանը միակ թեկնածուն է, ում քարոզարշավին նաեւ ֆինանսական մասնակցություն ունի նրան առաջադրած կուսակցությունը՝ ՀՅԴ–ն։ Ուի դեռ ավելին, հունվարի 29-ին ընկեր Վահանին 10 միլիոն դրամ տրամադրած ՀՅԴ–ն, եւս 10 միլիոն է փոխանցել։ Գումարած թեկնածուի ներդրած 10 միլիոնը, 91 ֆիզիկական անձանցից եւս 15 միլիոն, ու մի կես միլիոն էլ մի իրավաբանական անձից եւ Վահան Հովհաննիսյանը ունի 45.5 միլիոն դրամ, որից 44.144 միլիոնը արդեն ծախսել է։
Կտրուկ փոխվել է Վազգեն Մանուկյանի նախընտրական միջոցների պատկերը։ Հունվարի 29–ին նա ուներ 330 հազար դրամ եւ 308 հազարը ծախսել էր։ Հունվարի 31-ի դրությամբ նա իր սեփական միջոցներից մեկ միլիոն դրամ է ներդրել ու եւս 1.412 միլիոն ստացել 12 ֆիզիկական անձանցից։ Ստացված 2.412 միլիոնից 1.398 միլիոնը Վազգեն Մանուկյանը արդեն ծախսել է։
Արթուր Բաղդասարյանը հունվարի 24-ի դրությամբ ամենահարուստ թեկնածուն էր 20.3 միլիոն դրամով։ Հունվարի 31-ի նա ունի 21.98 միլիոն եւ մեծ մասը ծախսել է, նրա հաշվին մնացել է ընդամենը 18 հազար դրամ։
Հունվարի 29-ի համեմատ մոտ 4 միլիոնով ավելացել են Լեւոն Տեր–Պետրոսյանի նախընտրական փողերը եւ դարձել 16.2 միլիոն դրամ։ Սրանից թեկնածուն ծախսել է 14 միլիոնը։ Արտաշես Գեղամյանի հունվարի 29-ի վեց միլիոնը հունվարի 31-ին դարձել է 14.6 միլիոն, որից սակայն 14.3 միլիոնը արդեն ծախսվել է։
