NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հունվարի 30-ի դրությամբ ընթացք է տրվել 17 հաղորդման
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում եւ տարածքային ստորաբաժանումներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներում զետեղված 17 հրապարակումների ընթացք է տրվել։
Դատախազությունը ստացել է հետեւյալ գրավոր հաղորդումները.
2007թ. նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն մուտք է եղել «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի 2007թ. նոյեմբերի 22-ի թիվ 1421 հաղորդումն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է հասարակական կազմակերպության դիմումը՝ դիտորդների հավատարմագրման մասին և մերժման համար հիմք է հանդիսացել հասարակական կազմակերպության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի ներկայացրած ակնհայտ սուտ տեղեկությունները: Հաղորդման մեջ նշվել է նաև, որ հասարակական կազմակերպության բարի համբավն արատավորող այդ սուտ տեղեկությունները տարածվել են բոլոր զանգվածային լրատվության միջոցներով: Հաղորդման հեղինակը միջնորդել է՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն նշված հաղորդումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քննարկել այն:
«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը մեկ այլ հաղորդմամբ հայտնել է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորող որոշ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման մասին՝ նշելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժել է հենց կազմակերպության անվան պատճառաբանությամբ, ինչը նրա լիազորությունների մեջ չի մտնում: Ռ.Թորոսյանի վերոհիշյալ հաղորդումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է հասարակական կազմակերպության ներկայացրած փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Նախապատրաստված նյութերով տվյալներ ձեռք չեն բերվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորող որոշ մարմինների և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման մասին, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի կողմից հասարակական կազմակերպության գործունեության խոչընդոտման, և այդ նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մասին: Նախապատրաստված նյութերով 2008թ. հունվարի 28-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
2008թ. լույս 25-ի գիշերը անհայտ անձը, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 47 շենքի 1-ին հարկում գտնվող «Օրինաց Երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակի պատուհանի ապակիները դիտավորությամբ կոտրելու և նույն շենքի պատին ամրացված հիշյալ գրասենյակի ցուցանակը վնասելու միջոցով «Օրինաց Երկիր» կուսակցության Վանաձորի գրասենյակին պատճառել է զգալի չափի վնաս:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից 2008թ. հունվարի 25-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին:
2008թ. հունվարի 27-ի ժամը 11:30-ի սահմաններում Թալին քաղաքի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Ժորա և Մկրտիչ Սափեյանները, Տիգրան Բաղդասարյանը և մի խումբ այլ անձինք ծեծի են ենթարկել Սարգիս Անդրանիկի Կարապետյանին: Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արագածոտնի մարզի Թալինի քննչական խմբի ավագ քննիչ Ա.Պետրոսյանի կողմից 2008թ. հունվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ Ս.Ասատրյանը, Ս.Նիկոյանը, Լ.Գլջյանը, Ա.Թադևոսյանը, Հ.Հովհաննիսյանը, Մ.Բարսեղյանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրից վերցվել և զննվել է նախընտրական հանդիպման տեսագրությունը, ձեռնարկվել են միջոցառումներ Ս.Կարապետյանին ծեծի ենթարկած մի խումբ երիտասարդ անձանց, ինչպես նաև դեպքին ականատես անձանց ինքնությունը պարզելու նպատակով:
Նկատի ունենալով, որ գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Հ.Գևորգյանի, Ժ. և Մ. Սափեյանների, Տ.Բաղդասարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու վերաբերյալ, 2008թ. հունվարի 29-ին վերոհիշյալ 4 անձինք ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
2008 թվականի հունվարի 29-ին հաղորդում է ստացվել նույն օրը 2008թ. հունվարի 29-ին ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի Դիլիջան քաղաքի նախընտրական շտաբի պատշգամբում ամրացված Հայաստանի Հանրապետության պետական և ՀՅԴ դրոշները անհայտ անձանց կողմից գողանալու եւ պաստառները պատռելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի Դիլիջանի բաժանմունքում փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
2008թ. հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն է մուտք եղել Երևան քաղաքի դատախազի հաղորդումն այն մասին, որ 2008թ. հունվարի 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են զեկուցագրեր, որ նույն օրը ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ավտոմեքենան ուղեկցող մոտավորապես 150-200 ավտոմեքենաների վարորդները Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում չեն ենթարկվել «կանգ» ազդանշանին և իրենց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շարունակել են երթևեկությունը Բաղրամյան պողոտայով, դուրս գալով հանդիպակաց ուղեմաս, որով իրական վտանգ են ստեղծել ինչպես տեսուչների, այնպես էլ փողոցային երթևեկության մյուս մասնակիցների կյանքի համար: Փաստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով:
ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներ
«Հայք» օրաթերթի 2008թ. հունվարի 17-ի համարում «Ընտրակաշառք՝ ժողովրդի հաշվին» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանի հրահանգով, նրա դրածոները Շիրակի մարզում ցուցակագրում են քաղաքացիներին և Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար պատրաստվում են բաժանել 10-20 հազար դրամի չափով ընտրակաշառք: Հոդվածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով դրանում արծարծված փաստերը չեն հիմնավորվել և 2008թ. հունվարի 30-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Առավոտ» օրաթերթի 2008թ. հունվարի 18-ի համարում «Ընտրակաշառք են խոստանում» վերտառությամբ հոդվածում վկայակոչելով Լևոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին նշել է. «բազմաթիվ ահազանգեր են հնչել այն մասին, որ թիվ 33 ընտրատարածքում ընտրակաշառքներ բաժանելու նպատակով սկսվել է բացահայտ ցուցակագրում և Մ.Գրիգորյանի հավաստմամբ ընտրակաշառք բաժանողները ԱԺ ընտրությունների ժամանակ այդ տեղամասում մեծամասնականով առաջադրված հանրապետական կուսակցության թեկնածու Աշոտ Աղաբաբյանի օգտին աշխատած նույն մարդիկ են»:
Հոդվածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով դրանում արծարծված փաստերը չեն հիմնավորվել և 2008թ. հունվարի 30-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2008թ. հունվարի 19-ի համարում «Բիրիքով ձայն են գնում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «ՀՀԿ-ն արդեն սկսել է ձայներ գնելու գործընթացը և ըստ թերթի տեղեկությունների, մի քանի օր է կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, տնետուն ընկած, գյումրեցիներին յուրաքանչյուրի ձայնի համար առաջարկում են 10 հազարական դրամ, իսկ այդ գումարի դիմաց հանրապետականները բնակիչներից ընդամենը անձնագրի տվյալներն են «խնդրում», ինչպես նաև ազնիվ խոսք, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին»: Հոդվածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով դրանում արծարծված փաստերը չեն հիմնավորվել և 2008թ. հունվարի 30-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի 2008թ. հունվարի 22-ի համարում «Նույն ձևով» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Երևանի Շենգավիթի բազմաթիվ բնակիչներ ահազանգում են, որ իրենց թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի հանձնարարությամբ Շենգավիթ համայնքի համատիրության աշխատակիցները համայնքում անձնագրահավաք են սկսել: Մասնավորապես, վերջիններս Շենգավիթ համայնքի բնակիչներին յուրաքանչյուր անձնագրի դիմաց առաջարկում են կամ 5000-ական դրամ, կամ էլ փոխհատուցել կոմունալ վճարումները»: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Շենգավիթ համայնքի դատախազության քննարկմանը:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի 2008թ. հունվարի 22-ի համարում «ԼՏՊ-ին գյուղից վռնդել են՝ վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Փանիկ գյուղում յուրաքանչյուր քվեի համար գյուղացիներին խոստացել է 100-ից 200 դոլար: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Շիրակի մարզի դատախազության քննարկմանը: Հոդվածի կապակցությամբ նախապատրաստված նյութերով դրանում արծարծված փաստերը չեն հիմնավորվել և 2008թ. հունվարի 30-ին քրեական գործ հարուցելը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի 2008թ. հունվարի 23-ի համարում «Տեր-Պետրոսյանը կաշառք է բաժանում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբին կցված մի խումբ երիտասարդներ շրջել են Երևանի տարբեր բուհերով և ում կարողացել են գտնել տվյալ բուհում, գումար են առաջարկել Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու համար» և Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներից մեկի պատմածի համաձայն, «առավոտյան ժամը 11-ի սահմաններում իրենց են մոտեցել երեք երիտասարդ և գումար են առաջարկել երեկվա հանրահավաքին մասնակցելու ու Տեր-Պետրոսյանի «DVD»-ները բաժանելու համար»: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննարկմանը:
Հոդվածում արծարծված փաստի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«Ազատություն» ռադիոկայանի 2008թ. հունվարի 24-ի հեռարձակած ռեպորտաժում, ինչի բովանդակության տպագիր տարբերակը տեղադրվել է նաեւ նույն ռադիոկայանի ինտերնետային էջում, նշվել է, որ 2008թ. հունվարի 23-ին «Ազատություն» ռադիոկայան է զանգահարել Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ Ահարոն Եսայանը և հայտնել, որ իրեն առաջարկել են վերցնել 5000 դրամ և փոխարենը ընտրել Սերժ Սարգսյանին: Նախապատրաստված նյութերով հոդվածում արծարծված փաստերը չեն հիմնավորվել, պարզվել է, որ նման անուն- ազգանունով բնակիչ նշված համայնքում չի ապրում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2008թ. հունվարի 25-ի համարում «Անձնագրահավաքը թափ է հավաքում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող հանրակացարանի պարետը հավաքում է բնակիչների անձագրերի պատճենները»: Հոդվածում նշվել է նաև, որ «Հայաստանի զորամասերում ևս նման գործընթաց է ծավալվել և հանրապետության տարբեր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակայության տակ ծառայող սպաներից պահանջում են ներկայացնել իրենց ընտանիքի անդամների անձնագրերը կամ անձնագրերի պատճենները, նաև այն տեղամասի համարը, որի ընտրական ցուցակում ընտանիքի անդամները ընդգրկված են»: Հոդվածն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն համայնքների և Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունների քննարկմանը:
«Հայք» օրաթերթի 2008թ. հունվարի 25-ի համարում «Ակնոցներ է առաջարկում» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ «դպրոցահասակ երեխաները թակում են մարդկանց տներն ու բանակարանները և հայտնում, որ եթե տվյալ բնակիչը քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, ապա կարող է գրել վատ տեսողություն ունեցող ընտանիքի անդամի անունը, որին հանրապետականները ակնոցներ կհատկացնեն»: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Էրեբունի, Նուբարաշեն համայնքների դատախազության քննարկմանը:
«Ա1+»-ի ինտերնետային կայքում տեղադրված 2008թ. հունվարի 21-ի «Ում է ջերմորեն բարեւում Սերժ Սարգսյանը» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Երևանի պետական համալսարանի արհկոմիտեի նախկին փոխնախագահ Արմեն Ավետիսյանի և ուսանողական բաժնի պետ Միհրան Հակոբյանի կողմից հավաքագրված ավելի քան 350 ուսանողներ զբաղվում են քարոզարշավով, որի փոխարեն ստանալու են 100.000-ական դրամ և առանց քննության ու ստուգարքի մտնելու, ստանալու են իրենց գնահատականներն ու ստուգարքները»: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության քննարկմանը:
«Առավոտ» օրաթերթի 2008թ. հունվարի 29-ի համարում «Լևոնին, թե Սերժին» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ Էջմիածնի դպրոցների, մանկապարտեզների կոլեկտիվներին հանձանարարվել է քաղաքապետարան ներկայացնել Սերժ Սարգսյանին ձայն տալ պատրաստվող անդամների ցուցակները և անձագրերի պատճենները, իսկ «ՀայՌուսգազարդի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրենն էլ իր աշխատակիցներին է հանձնարարել անձնագրերի 10-ական պատճեններ և ստորագրություններ ներկայացնել՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանին և չներակայցնելու դեպքում խոստացել է, որ «անձամբ իր հետ պրոբլեմ կունենան»: Հոդվածը վերահսկողությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի դատախազության քննարկմանը:
Այսպիսով, դատախազությունը ստացել է 17 հաղորդում, այդ թվում 11 հաղորդում՝ ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներում, որոնց քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ, կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին 5 որոշում, 7 հաղորդումների քննարկումն ընթացքի մեջ է:
