NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրակել են գլխավոր դատախազի աշխատասենյակի ուղղությամբ
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը հանդիսանում է գլխավոր դատախազի աշխատասենյակի պատուհանների շարունակությունը՝ պատճառելով գույքային վնաս, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվել է տեղազննություն, դեպքի վայրից առգրավվել է 1 գնդակ, նշանակվել են քրեագիտական փորձաքննություններ: Գլխավոր դատախազությունը խոստանում է դեպքի նախաքննության արդյունքների մասին հայտնել լրացուցիչ եւ նաեւ հավելում. «ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել իր բնականոն աշխատանքը եւ ապակայունացնել իրավիճակը: Դատախազությունը շարունակելու է իր գործառույթների շրջանակներում համակարգել հանցավորության դեմ պայքարը՝ ի շահ օրինականության հաստատման եւ հասարակական անվտանգության ապահովման»:
Ի դեպ, նախօրեին ժամը 14-ի մատույցներում Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մեքենան, որին հարվածել է «Գազ-24» մեքենան: Վերջինիս վարորդը չի ենթարկվել պետավտոտեսուչի «կանգ առ» հրամանին, հանդիպակաց փողոցով գալով` հարվածել է դատախազի մեքենայի առաջամասին: Աղվան Հովսեփյանը եղել է ավտոմեքենայում: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Դեպքից հետո երկու մեքենաների վարորդները ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության: Պարզվել է, որ «Վազ-24» մեքենայի վարորդը եղել է 47 տոկոս ալկոհոլային ազդեցության տակ: Ի դեպ, նա ոստիկան է:
