NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայկական մշակութային ժառանգության հարցը ԵԽ–ում
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 25-ին պաշտոնական շրջանառության մեջ դրեց «Թուրքիայում մշակութային ժառանգության վիճակի մասին» բանաձեւի, ինչպես նաեւ «Թուրքիայում հայկական մշակութային արժեքների ներկայիս վիճակի մասին» հանձնարարականի երկու նախագիծ:
Այս օրինագծերը, որոնց համահեղինակներն են եվրոպական 21 երկրներ եւ ԵԽԽՎ-ի բոլոր հինգ քաղաքական խմբերը ներկայացնող ավելի քան 25 խորհրդարանականներ, վկայաբերում են Հայոց ցեղասպանությունը եւ դրան հաջորդած` հայերի հայրենազրկումը: Այլ կետերով Թուրքիային կոչ է արվում ձեռնարկել համապարփակ հաշվառում, ապաեւ վերականգնել ու գործառության հանձնել հայկական եւ այլ մշակութային ժառանգությունը, որն ավերվել է անցած դարի ընթացքում` ներառյալ հնադարյան եւ միջնադարյան հայկական բոլոր մայրաքաղաքները, եկեղեցիները, ամրոցները, գերեզմանատները, ինչպես նաեւ պատմական Հայաստանի մյուս կոթողները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո:
Նախքան լիագումար նիստի օրակարգ մտնելը սովորաբար համապատասխան հանձնաժողով ուղարկվող հիշյալ նախագծերը ներառում են հարցերի լայն շրջանակ. խոսքի ազատություն, ցեղասպանության մասին ուսուցում, փոքրամասնությունների իրավունքների հարգում ու վնասի փոխհատուցում, ճշմարտության միջոցով հաշտության ձեռքբերում, ինչպես նաեւ` «պատմության ընդունման, առկախ բոլոր խնդիրների խաղաղ լուծման եւ հարաբերությունների եվրոպականացման հիմքով հայ-թուրքական կապերի բնականոնացում եւ դրա վրա խարսխված հայկական մշակութային ժառանգության երկար սպասված տոնակատարման հեռանկար»։
