NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վահան Հովհաննիսյանը շարունակում է չհավատալ
ՀՅԴ-ից Հայաստանի նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը չի վստահում սոցհարցումների արդյունքներին։ Հունվարի 30-ին Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի կողմից այսօր հրատարակված սոցհարցման արդյունքները, ասել է. «որոշ հեղիկակավոր կազմակերպությունների կողմից ներկայացված նախագահի թեկնածուների տոկոսային հարաբերակցությունը բացահայտ կեղծիք է։Ես հարգանքով եմ վերաբերում միջազգայնորեն ճանաչված ինստիտուտներին, որոնք մասնագիտանում են սոցհարցումների վրա, սակայն նրանց հայաստանյան ներկայացուցիչներն ինձ վստահություն չեն ներշնչում»։ Օրեր Առաջ Վահան Հովհաննիսյանը ասել էր, որ չի հավատում այն թե Լեւոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը բարձր վարկանիշ ունեն։
Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ իրեն մտահոգում են ռուս քաղաքագետների հայտարարություններն այն մասին, որ թեկնածուներից մեկը համապատասխանում է իրենց երկրի շահերին, և, որ իրենք ամեն ինչ կանեն նրա հաղթանակի համար. «Դա նշանակում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Դա կարող է հանգեցնել նրան, որ մյուս երկրները կարող են աջակցել այլ թեկնածուի, իրենց շահերից ելնելով, և անել ամեն ինչ նրա հաղթանակի համար, ինչը կհանգեցնի գերտերությունների շահերի բախմանը»։Նրա կարծիքով, նախագահի թեկնածուների նման աջակցությունը «արջի ծառայություն է» և բավականին վտանգավոր երևույթ է, քանի որ Հայաստանը վերածում է օտար շահերի ռազմաճակատի։
«Նախագահին պետք է ժողովուրդն ընտրի, և մեզ բացարձակապես չի հետաքրքրում մյուս երկրների դիրքորոշումն այս հարցում։ Այո, նրանց մոտեցումը կարևոր է, բայց այն վճռորոշ չէ և չպետք է ազդի ընտրողի վերջնական որոշման վրա»,-կարծում է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ից 20-ը Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի կողմից 1200 բնակիչների շրջանում իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, նախքան քաղաքական քարոզարշավի սկսվելը ընտրողների 43%-ը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում պատրաստ է ձայն տալ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին։ Երկրորդ տեղում, սոցհարցման արդյունքներով, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է 11%-ով։ Երրորդ տեղում 6%-ով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։ Մյուս թեկնածուների վարկանիշները չնչին են։
