NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թալինի դեպքով ձերբակալվել են 4 հոգի
Թալինի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Սարգիս Կարապետյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 27.01.08թ.՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արագածոտն մարզի Թալին քաղաքի հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նույն մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Ս.Կարապետյանը բարձրաձայն հայտնել է իր կարծիքը, որ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իրեն խաբել են, Թալինի հասարակությունը եւ հայ ժողովուրդը Լեւոն Տեր-Պետրոսյանին չի աջակցում:
Հանդիպման մասնակիցներից Արագածոտն մարզի «Երկրապահ կամավորական միության» նախագահ Մ.Սափեյանը, նույն միության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Տ.Բաղդասարյանը, «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ժ.Սափեյանը, իջնելով հարթակից, 500-ից ավել քաղաքացիների ներկայությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Սարգիս Կարապետյանի հասցեին՝ բռունցքներով հարվածելով վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Քիչ անց նրանց են միացել նաեւ Թալին քաղաքի բնակիչ Հայկ Գեւորգյանը, անչափահաս, 1991թ. ծնված Ա.Սափեյանը եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձինք: Նշված անձանց կողմից խուլիգանական գործողությունները տեւել են շուրջ 5 րոպե եւ կանխվել տեղի ունեցածից վրդովված քաղաքացիների միջամտության շնորհիվ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու կասկածանքով, 29.01.08թ. Մ. եւ Ժ. Սափեյանները, Տ.Բաղդասարյանը եւ Հ.Գեւորգյանը ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:
