NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատահարներ Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբներում
Կապանում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ռոման Նավասարդյանը, լրագրողներին տեղեկացրել է, որ մարզային ոստիկանության ներկայացուցիչները, ներխուժելով շտաբի տարածք, ստիպել են անմիջապես լքել այն, քանի որ «սեփականատերը այլեւս չի ցանկանում վարձակալության տալ իր տարածքը»:
Նավասարդյանը ասել է նաեւ, որ նշված տարածքը, որը առաջին հարկում գտնվող բնակարան է, իրենք վարձակալել էին երկու ամսով, գումարը վճարել էին, ուստի ոստիկաններն իրավունք չունեին իրենց վտարելու: Նրա կարծիքով, տարածքի տերերին ճնշման են ենթարկել, ու վերջիններս դիմում են գրել ոստիկանություն` խնդրելով իրենց տարածքը ազատել. «Այսօր միլիցիայի վարչության պետի երկու տեղակալներով, Կապանի միլպետով, 15 միլիցիոներներով ներխուժել են մեր օֆիսը` քաղաքացու հետ միասին, որ խնդրում ենք ազատեք մեր տարածքը», Ըստ Նավասարդյանի, ներխուժողները դիմել են ֆիզիկական ուժի. «ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Խաչատրյան, Ավետիսյան, Կապանի միլպետ Գեւորգյան, մի տասնհինգ հոգի»: Ի դեպ, թեեւ տարածքի սեփականատերը համաձայն է եղել մի քանի օր ժամանակ տալ` տարածքը ազատելու համար, ոստիկանները պահանջել են տարածքը լքել անմիջապես. «Լեւոն Տեր-Պետրոսյանի միակ շտաբը Կապանում արդեն փակված է: Հիմա մենք աշխատելու հնարավորություն չունենք»: Սյունիքի մարզպետ, հանրապետական, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը ասել է, թե տեղյակ չէ միջադեպի մասին:
Կատարվածի մանրամասներին տեղյակ չէր նաեւ Կապանի քաղաքապետ, հանրապետական Արմեն Կարապետյանը: Ինքն է ասում: Ասում է նաեւ, որ պատրաստ է անձամբ օգնել Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին շտաբի համար նոր տարածք գտնելու հարցում: Իսկ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրասվում քրեական գործ հարուցելու համար։ 2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ քաղաքացի Ա.Հովհաննիսյանից ստացել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ «26.01.08թ.-ի լույս 27.01.08թ.-ի գիշերը անհայտ անձը դիտավորյալ պատռել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 16 շենքի եւ նրա դիմաց գտնվող 29 շենքի պատին փակցված Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքային եւ մարզային նախընտրական շտաբների գովազդային պաստառը եւ ցուցանակը»: Իսկ քաղաքացի Կ. Սարգսյանից նույն բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ Վարդանանց փողոցի վրա գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի դռան վրա անհայտ անձի կողմից 26.01.08 թ.-ի լույս 27.01.08 թ.-ի գիշերը ջրաներկով գրել են անվայել խոսքեր եւ պատռել Լ.Տեր-Պետրոսյանի նկարը:
ՀՀ ոստիկանության Արագածոտն մարզի Թալինի քննչական բաժնում քրեական գործ արդեն հարուցվել է. Թալինի բնակիչ Սարգիս Կարապետյան է ոստիկանությանը հայտնել, թե ՀՀ Նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ իրեն ծեծել են։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2008 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Թալին քաղաքի հրապարակում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ Ժ.Սափեյանը, Մ.Սափեյանը, Տ.Բաղդասարյանը եւ մի խումբ այլ անձինք ծեծի են ենթարկել Ս.Կարապետյանին:
