NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարադատության նախարարի պարզաբանումները
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության իրավական եւ քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյներին եւ Լոլիտա Ցիգանեին որոշակի պարզաբանումներ է տվել ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Դիտորդներին հետաքրքրում էին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի առանձին դրույթների իրավակիրառական որոշ հիմնահարցեր: Մասնավորապես, վերջիններիս հետաքրքրում էր այն հարցը, թե որքանով է իրավաչափ Հանրապետության Վարչապետի կողմից գրանցումից հետո իր լիազորությունները չդադարեցնելը: Այս առնչությամբ նախարարը պարզաբանել է, որ ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի դրույթները դիսպոզիտիվ բնույթի են, ըստ որոնց, գրանցման պահից իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում են միայն Հանրապետության Նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում: Պարզաբանվեց, որ սա համարվում է ընտրական երաշխիք գրանցված թեկնածուների համար: Դիտորդները համաձայնեցին նախարարի այն պարզաբանմանը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը տվյալ դեպքում ոչ թէ պարտավոր է, այլ իրավունք ունի դադարեցնելու պաշտոնական պարտականությունները, քանի որ նշված կարգը ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ նորմ է: Ընդ որում, հանգամանորեն պարզաբանվեց նաեւ նույն հոդվածի 1-ին մասի այն դրույթը, համաձայն որի բացառություն է սահմանված այն դեպքում, երբ Հանրապետության Վարչապետը փոխարինում է Հանրապետության Նախագահին:
Հաջորդ հարցը վերաբերվում էր ընտրական իրավունքի խախտումների դատական կարգավորմանը: Արդարադատության նախարարը պարզաբանել է, որ ընտրական իրավունքի վեճերի գերակշիռ մասը լուծվում է վարչական դատարանում` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում ամրագրված ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող կանոններով: Պարզաբանվեց նաեւ, որ նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն, վարչական դատարանը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մասին գործերը ըստ էության քննում եւ լուծում է կոլեգիալ` 5 դատավորի կազմով, ինչի արդյունքում գրեթե բացառվում է դատարանի վրա ազդեցության եւ դատական սխալի առկայությունը:
