NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մշակույթը կախված է քաղաքականությունից
ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող Աժ պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով ներկայացնելով ԵԽ նախարարների կոմիտեի դիրքորոշումը` ԵԽԽՎ Մշակույթի, գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի Նախիջեւանի Ջուղայի գերեզմանատան խաչքարերի վիճակի ուսումնասիրման փաստահավաք առաքելությունը Ադրբեջանի կողմից շարունակաբար խափանելու կապակցությամբ, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յան Կուբիշը ասել է, որ տարածաշրջանում մշակութային ժառանգության տարածքների գնահատման ԵԽ առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը կախված է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի բարելավումից:
Յան Կուբիշը ասել է նաեւ, որ Նախիջեւանում եւ ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման հարցը բազմիցս բարձրացվել է Նախարարների կոմիտեի կողմից: Նախարարների կոմիտեն եւ նախագահողը հանդես են եկել հայտարարություններով, կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին երկխոսություն հաստատել առկա տարաձայնությունները լուծելու համար: Նախարարների կոմիտեն վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցել երկու երկրներին տարածաշրջանում խաղաղություն եւ փոխվստահություն հաստատելու հարցում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ Նախիջևանի Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը այլևս գոյություն չունի և ադրբեջանցիների կողմից վերածվել է ռազմակայանի։ Հին Ջուղայի հայկական գերեզմանոցում լիովին ոչնչացվել է 3500 խաչքար, այն 10 հազարից, որոնք դեռևս պահպանվել էին 2005-ի դեկտեմբերին։ Հայկական խաչքարերի կործանումը, որը ադրբեջանական կողմը սկսել էր 1998-ին, այդ փաստի եվրոպական երկրների կողմից դատապարտումից հետո կասեցվեց։ Սակայն, հայկական պատմա-մշակութային հուշարձանների զանգվածային կործանումը վերսկսվեց 2003-ին և 2005-ի դեկտեմբերին։
