NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրակեղծիքների համար նախատեսված է խիստ պատասխանատվություն
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, լրագրողներին է ներկայացրել ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումները կանխարգելու, դրանց օպերատիվ արձագանքելու եւ համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը:
Ինչպես հայտնի է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է, առանձին գործավարության կարգով, օպերատիվ արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, հայտարարություններին, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին, հսկողություն իրականացնել դրանց ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ:
«Ընտրախախտումների հետ միասին մենք հատուկ հաշվառում և հսկողություն ենք իրականացնելու նաև այն բոլոր գործերով, որոնք այս կամ այն կերպ կարող են կապ ունենալ, առնչվել ընտրությունների հետ: Դրանք կարող են լինել ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, գույքի դիտավորյալ ոչնչացման, բռնության սպառնալիքի, տարբեր բնույթի կեղծ ահազանգների վերաբերյալ և այլն»,-հայտարարել է Թամազյանը:
Նման աշխատաոճ է կիրառվել նաև 2007 թվականի մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացված դիմումների, հաղորդումների, բողոքների, հրապարակումների քննարկման հետ կապված: Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ` 17 անձի վերաբերյալ, որոնց մի մասի նկատմամբ սահմանվել է ազատազրկման ձևով պատիժ: Դատապարտված անձանցից 12-ը եղել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ: Այդ ընթացքում քննարկման առարկա է դարձել զանգվածային լրատվամիջոցներում եղած բազմաթիվ հրապարակումներ: Ապահովվել է կատարված աշխատանքների թափանցիկությունը և քննարկված յուրաքանչյուր նյութի կամ գործի վերաբերյալ հաղորդագրություն է հրապարակվել դատախազության կայքում, համապատասխան որոշման հետ միասին:
«Այս առումով հարկ է նկատել, որ Հայաստանի գործող օրենսդրությունը, ի տարբերություն նախկինի, զգալի դրական տեղաշարժ է կատարել մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության ուղղությամբ: Խիստ պատասխանատվություն է սահմանվում, այն էլ ազատազրկման ձևով, ընտրակեղծիքներ համար, մասնավորապես, ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, ընտրությունների արդյունքների ակնհայտ սխալ հաստատման կամ որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվերակության արդյունքները կեղծելու համար: Նման պատասխանատվություն է սահմանվում նաև ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես նաև ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այդ թվում՝ թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, առավել ևս եթե դրանք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կողմից, նյութական շահագրգռվածությամբ, բռնությամբ կամ բռնության սպառնալիքով»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։ Ի դեպ, որ քրեորեն պատժելի են նաև ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկությունների տարածելը, մեկից ավելի անձանց կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, քվեարկության գաղտնիության խախտելը և այլն:
