NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՌԴ հայերը ԵՄ–ից պահանջում են ճնշել Թուրքիային
Հունվարի 20-ին Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Տենգինկա ավանում տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայկական հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը, որը նվիրված էր Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի՝ մեկ տարի առաջ սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունը տեղեկացնում է, տեղի ունեցած քննարկումների և կարծիքների փոխանակումից հետո խորհրդակցության մասնակիցներն ընդունել են ուղերձ՝ Եվրամիության կազմում գտնվող պետությունների ղեկավարներին, որում կոչ են արել նրանց՝ ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ պահաջնելով նրանցից անցկացնել Հրանտ Դինքի սպանության և այդ հանցագործության պատճառների օբյեկտիվ հետաքննություն։ Խորհրդակցության մասնակիցների կարծիքով, միայն սեփական պատմության մութ էջերի վերանայումը, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կարող է Թուրքիային իրավունք տալ՝ հավակնելու Եվրոպայում տեղ ունենալուն։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հրանտ Դինքի սպանությունը
ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ատելության քաղաքականության արդյունք էր, և կատարված ոճրագործությունը ահաբեկչական ակտ է այն բոլորի նկատմամբ, ովքեր փորձում են Թուրքիայում շարժվել Հայկական Հարցի քննարկման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար, քանի որ հենց նրանք են երկրում ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ։
Մենք՝ Կրասնոդարի երկրամասի հայ հասարակայնության ներկայացուցիչներս, Հրանտ Դինքի սպանության տարելիցին դիմում ենք Եվրոպայի պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի իշանությունների վրա, նրանցից պահանջել այդ հանցագործության և այդ արարքի պատճառների օբյեկտիվ հետաքննություն։ Մենք համոզված ենք, որ միայն սեփական պատմության մութ էջերի վերանայումը, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կարող է Թուրքիային իրավունք տալ հավակնելու Եվրոպայում տեղ ունենալուն։
Ուղերձըստորագրել են Տիգրան Թավադյանը («Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության տեղական մասնաճյուղի նախագահ, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր), Արտավազդ Թուլումջյանը («Համշեն» հայկական գիտատեղեկատվական-մշակութային կենտրոնի նախագահ), Քրիստափոր Մխիթարյանը (Կրասնոդար քաղաքի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, «Խաչքար» ամսագրի գլխավոր խմբագիր), Ալլա Պարցիկյանը (Նովորոսիյսկ քաղաքի ազգային-մշակութային միությունների համակարգող), Վլադիմիր Մխիթարյանը (Նովորոսիյսկ քաղաքի «Լույս» հայկական մշակույթի միության նախագահ), Արամ Երմոյանը ( Հայ գրողների «Ձայն Համշենական» Սոչիի քաղաքային միության նախագահ), Հայկազ Օհանյանը (Սոչիի «Երանգ Համշենի» հայ նկարիչների միության նախագահ)։
