Կես միլիոն մարդու ճակատագիրն անորոշ է

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

Այս օրերին լրանում է 1990թ. հունվարին Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում հայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների` եղեռնի հերթական տխուր տարելիցը: Տասնութ տարի առաջ հունվարյան այս օրերին Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում սպանվեցին, վիրավորվեցին ու հաշմանդամ դարձան հազարվոր մեր հայրենակիցները, իսկ հարյուր հազարավորները` կորցնելով իրենց ողջ ունեցվածքը եւ կրելով բազում զրկանքներ վտարվեցին Ադրբեջանից: Առ այսօր հայ փախստականների խնդիրը իր լուծումը չի ստացել: Ավելին` ադրբեջանական իշխանությունները եւ որոշ միջազգային կառույցները ջանք չեն խնայում ապացուցելու աշխարհին, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը գոյություն չունի, իսկ հայկական իշխանությունները ինչպես առաջ, այնպես էլ հիմա զլանում են բարձրացնել ավելի քան կես միլիոն մարդու ճակատագրի հետ կապված հիմնահարցը, պնդել որպեսզի հայ փախստականների կրած վնասների փոխհատուցման եւ նրանց ապագայի հարցը ներառվեն ԼՂ հիմնախնդրի շուրջ վարվող բանակցությունների օրակարգ:

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները վերանայեն իրենց մոտեցումներն այս հարցում: Ժամանակն է, որ այս հարցում իր դիրքորոշումն արտահայտի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին: Ժամանակն է, որ երկրի եւ աշխարհիկ, եւ հոգեւոր առաջնորդներն արժանապատիվ ու հետեւողական կեցվածք որդեգրեն մեր ժողովրդի փախստական դարձած հատվածի նկատմամբ: