ՀԿՀ–ն համախմբման կոչ է անում

«Հայ Կամավորականների Համախմբման» համակարգող խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հայտարարության մեջ ասվում է.

«Հետեւելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ սեպտեմբերի 21-ից հետո կատարած քայլերին, մենք համոզվեցինք, որ նա ասպարեզ է եկել նոր շնչով ու երկրի ցավերով մտահոգ նոր խոհեմությամբ: Նրա խոսքում կա ճշմարտությունն ասելու խիզախություն, համոզիչ վճռականություն եւ իմաստնություն: Ակնհայտ է, որ առաջին նախագահը դարձել է իշխանական հրեշավոր ռեժիմի լուծը թոթափելու նպատակով հայ հանրության տարբեր շերտերի անհրաժեշտ համախմբման կարեւորագույն եւ միակ գործոնը: Անշուշտ, նրա նախաձեռնած համաժողովրդական շարժումն օրեցօր կհզորանա բոլորիս մասնակցությամբ: Մեր հավաքական ջանքերով ու նվիրումով, ի վերջո, երկրում կկարողանանք հաստատել սահմանադրական կարգ, վերականգնել հայ մարդու հավատը, հույսը, սերը Հայոց պետության հանդեպ:

Իրավիճակը հրամայաբար պահանջում է, որ յուրաքանչյուրս գիտակցի իր բաժին ազգային պատասխանատվությունը եւ առաջիկա Պայքարում ներդնի իրենից կախված առավելագույնը: Մեր ժողովուրդը, հենված իր հոգեւոր ու մշակութային արժեքներին, իր հայրենիքում պետք է ունենա արժանապատիվ ապրելու, հարատեւելու եւ արարելու հնարավորություն: Ինչպես միասնական կամք դրսեւորելով մենք կարողացանք հաղթել Արցախյան Ազատամարտում, նույնպես եւ այսօր ազգովին պետք է վերահաստատենք մեր հավատի զորությունը, միասնությունն ու անխախտ վճռականությունը: Գիտակցելով հանդերձ, որ ապագա հոգեւոր, բարոյական Հայաստանի կերտման մեր պատկերացումները որոշակիորեն տարբերվում են Տեր-Պետրոսյանի մոտեցումներից ու ծրագրերից, միեւնույն է, մենք զորակցելու ենք նրան համոզված լինելով, որ ներկա հակահայ վարչախմբի ճիրաններից ազատվելուց հետո միայն կարող ենք իրականացնել մեր գաղափարական նպատակները: Ուստի մեր երկրի նվիրյալ զավակներին կոչ ենք անում մի կողմ դնել գաղափարական, քաղաքական տարաձայնությունները եւ գործը հաղթական ավարտին հասցնելու համար համախմբվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը եւ ակտիվորեն մասնակցել նրա առաջնորդած համաժողովրդական շարժմանը»: