NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարդանին ասել էր, Գարեգինն էլ ասաց
Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիթեր Սեմնեբիին: ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթև Օհանյանի մատուցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա նախագահական ընտրություններին, մասնավորապես վերջերս Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին, բողոքարկման կարգին, անձնագրերի դրոշմակնքմանը, քվեաթերթիկների տպագրմանը, արձանագրությունների լրացման կարգի պարզեցմանը վերաբերող հարցեր: ԿԸՀ նախագահը նշել է, որ, հանձնաժողովների անդամների ուսուցման ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ նկարահանվել է ուսուցողական ֆիլմ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը:
Պարոն Սեմնեբին էլ նկատել է, որ հատկապես Հայաստանի Հանրապետութայն Ազգային ժողովի վերջին ընտրությունների անցկացման ժամանակ ընտրական գործընթացներում մեծ առաջընթաց է նկատվել և հույս հայտնել, որ այն կպահպանվի նաև 2008 թ-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմ,ան ժամանակ Պիտեր Սեմնեբին ասել էր, որ ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը միանշանակորեն կնպաստի ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը:
