NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դարձյալ ժողովրդավարություն դրսից
Մեկ անգամ չէ, որ ասվել ու ապացուցվել է. Հայաստանի հեռուստաընկերությունները գտնվում են հանրապետության գործադիր իշխանության լիակատար վերահսկողության տակ եւ ըստ այդմ էլ դրսեւորվում է նրանց վարքագիծը, հատկապես ընտրությունների ժամանակ։ Այս անգամ սակայն, կարծես թե իրադրության փոփոխություն է արձանագրվել։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիս–ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան Ստրասբուրգում 2007-ի վերջում կայացած հանդիպման ժամանակ Թերի Դեւիսը Սերժ Սարգսյանին ասել է, որ հայկական հեռուստաեթերում վարչապետին ցուցադրում են անհամեմատ ավելի շատ եւ հիշատակում են անհամեմատ ավելի դրական երանգով, քան նախագահի պաշտոնի մյուս հավակնորդներին ու նրանց համախոհներին: Թերի Դեւիսը ասել էր, նաեւ, որ ՀՀ նախագահի ընտրության պաշտոնական քարոզարշավի ընթացքը լինելու է միջազգային մոնիտորինգի տակ։
Եվ ահա հավաստի լուրեր կան, որ Հայաստանի նախագահի ընտրության ժամանակաշրջանում Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը, հատկապես նրանք, որոնք ունեն համապետական ծածկույթ, իսկ եթե ոչ, ապա մետրային հաճախականություն, իշխանությունից հրահանգ են ստացել նախընտրական արշավի պաշտոնական ժամանակահատվածի լուսաբանումն իրականացնել խիստ հավասարակշռված, թե բովանդակային եւ թե ժամանակային առումով: Այսինքն, օրինակ եթե լրատվական ծրագրում հինգ րոպե հատկացվի Սերժ Սարգսյանի լուսաբանմանը, ապա անպայման պահպանվի համաչափությունը մյուս, առնվազն կարեւոր համարվող թեկնածուների դեպքում:
