NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բաց նամակ միջազգային կառույցներին եւ դիվանագետներին
Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական–երիտասարդական միությունը այսօր բաց նամակ է հղել Հայաստանում գրանցված միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին։ Նամակում ասվում է.
«Այս օրերին լրանում է Բաքվի հայկական ջարդերի 18-րդ տարելիցը: Մինչեւ այսօր, սակայն, որեւէ գնահատական այս ողբերգական դեպքերի հետ կապված չի եղել: Ժամանակն է փաստել, որ հայկական ագրեսիայի մասին խոսող պետության մայրաքաղաքում տեղի են ունեցել էթնիկական զտումներ, որոնք այլ կերպ, քան ցեղասպանություն որակել չի կարելի: Հարյուրների հասնող անմեղ զոհերը այդ ճակատագրին են արժանացել միայն այն պատճառով, որ հայ են եղել: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մշտապես կողմնակից է եղել հայ-ադրբեջանական երկխոսության, սակայն այդ երկխոսությունը կարելի է սկսել միայն այն դեպքում, երբ կա Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի դեպքերի հստակ իրավական գնահատական: Միջազգային կառույցները պարտավոր են բարձրաձայնել այս արյունալի դեպքերի մասին եւ Բաքվի ջարդերը որակել միայն եւ միայն որպես ցեղասպանություն: Մենք գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ եւ փաստում, որ ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել»:
