Ղարաբաղյան կնճիռը այս տարի չի կարգավորվի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը 2008թ.-ին անհնար է, այսօր լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինակի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։ «2008թ.-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը կարող է հուսալ միայն չափազանց համարձակ մարդը։ Չնայած դրան, բանակցային գործընթացը պետք է շարունակվի։ Եթե հիշում եք, 2006թ. խոսում էին այն մասին, որ այդ տարին պատուհան է լինելու հակամարտության կարգավորման հնարավորությունների համար, հիմա պետք է մտածել, թե ինչպես օգտագործել 2008թ. հակամարտության կարգավորման անհնարինության պատուհանը»։

Կազիմիրովի կարծիքով, այս անհնարինությունը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի ընտրական գործընթացներով, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահի ընտրությամբ։ Միևնույն ժամանակ Կազիմիրովը կարծում է, որ որոշակի հարցեր բանակցությունների ընթացքում լուծվում են, բայց սկզբունքային հարցերը մնում են չկարգավորված «Յուրաքանչյուր կողմ հակամարտության կարգավորման մեջ ունի իր գերակայությունները. հայերի մոտ դա ԼՂՀ կարգավիճակն է, ադրբեջանցիների մոտ՝ օկուպացված տարածքները և փախստականների վերադարձը։ Բայց դրանք գերակա չեն կարող լինել միջազգային հանրության համար, որը պետք է մտահոգված լինի նոր պատերզմ թույլ չտալով»։ Դիվանագետը վստահ է, որ չնայած ներկայումս ռազմական գործողություների վերսկսում հնարավոր չէ, անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի պատերազմն իրողություն չդառնա ապագայում։