ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Հայաստան կուղարկի 28 երկարաժամկետ դիտորդ

«Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 28 երկարաժամկետ դիտորդ». հունվարի 9-ին հայտարարել է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան դոկտոր Գերտ Արենսը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում։

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացրել է, որ բացի նշված 28-ից սպասվում է նաև ԵԱՀԿ երկրների 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությունը մեր նախագահական ընտրություններին։

Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ դոկտոր Գերտ Արենսը ընդգծել է, որ գործունեություն ծավալելիս առաքելությունը մտադիր է առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն և օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին:

Վարդան Օսկանյանն իր հերթին կարևորել է առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում՝ ավելացնելով, որ այն կդառնա Հայաստանում ժողովրդավարության հաստատման իրական հավաստում: Միաժամանակ մեր ԱԳ նախարարը վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունն՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու առաքելության աշխատանքներին։