NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարդան Օսկանյանը կարծում է, որ բռնություններ չեն լինի
Վատ ընտրությունները բացասական հետեւանքներ կունենան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Մեկնարկած 2008 թվականին «առանցքայինը» համարելով նախագահական ընտրությունները, նախարարը հայտարարել է, որ դրանք «ավելի մեծ ազդեցություն են ունենալու» Հայաստանի միջազգային հեղինակության եւ երկրի արտաքին քաղաքականության արդյունավետության վրա:
Նախարարի համոզմամբ, երկրի արտաքին քաղաքականության արդյունավետության վրա դրական ազդեցություն ունեցան 2007-ի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց տրված միջազգային գնահատականները: Դա, Օսկանյանի խոսքերով, էապես բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ նպաստեց Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականության արդյունավետ կիրառմանը:
«Նախագահական ընտրությունները ավելի մեծ ազդեցություն են ունենալու. եթե լավ ենք անցկացնում` միանշանակորեն մեր դիրքերը ամրագրվում են միջազգային ասպարեզում, եթե վատ ընտրություններ ենք անցկացնում` միանշանակորեն կարող եմ ասել, որ բացասական հետեւանքներ է ունենալու, եւ Հայաստանը այն հեղինակությունը, որ ձեռք էր բերել հատկապես 2007-ի ընթացքում, կորցնելու է, եւ դա բացասական ազդեցություն է ունենալու մեր արտաքին քաղաքականության վրա», - լրագրողներին երեկ ասաց Վարդան Օսկանյանը:
Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է ամեն բան անի ընտրությունների ընթացքում որեւէ բռնության հնարավորությունն իսկ բացառելու համար. - «Ժողովուրդը, ես կարծում եմ, շատ ուժեղ ձեւով նախապես հստակ կդարձնի բոլորի համար, որ դա միջոց պետք չէ լինի ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու համար»:
«Որովհետեւ ես իսկապես այն տպավորության տակ եմ` ոչ միայն տպավորություն, այլ նաեւ տարբեր մարդկանց հետ իմ խոսակցության արդյունքում, որ դեռեւս անկայունության միջոցով ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու հարցը որոշ քաղաքական ուժերի օրակարգի վրա կա», - հավելեց արտգործնախարարը` առանց մանրամասնելու:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախագահի առաջադրված թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը, Վարդան Օսկանյանը ասաց. - «Ես ակնկալում էի իր ծրագրում ինչ-որ նոր մտքեր, հետաքրքրական մտքեր, առաջարկություններ: Հուսախաբված եմ, նույնիսկ նորության նշույլ չ կա»:
