NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աղի բլիթը՝ հունվարի 21-ին
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 21-ին:
Ս. Սարգիս զորավարը ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սուրբին, որ Սուրբն իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ճաշակում եւ որի հետ կապում իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով լի մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը:
Տոնի առթիվ սիրահարվածները միմյանց քաղցրավենիք եւ բացիկներ են նվիրում: Հունվարի 21-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:
