NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դպրոցականները Վճռաբեկ դատարանում
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի եւ կրթության նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ իրականացվեց «Բաց դռների օրեր» ծրագիրը, որը նախատեսված էր Հայաստանի դպրոցականների համար եւ կրում է շարունակական բնույթ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին Երեւան քաղաքի մի շարք դպրոցների բարձր դասարանցիներ այցելեցին Հայաստանի Վճռաբեկ դատարան, որտեղ հանդիպում ունեցան դատական իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը, Քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ելիզավետա Դանիելյանը, Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/CEELI) նախագահ Սոնյա Սմիթը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցականներին հետաքրքրող հարցեր դատարանների, Դատական դեպարտամենտի, Դատական դպրոցի, դատական ծառայության, Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի եւ այլնի մասին: Դատավորներին ուղղված դպրոցականների հարցերը վերաբերում էին մասնագիտացված դատարանների լիազորություններին, իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովմանը, դատական իշխանության անկախությանը, դատավորների անվտանգության ապահովման խնդրին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան դիմելու կարգին, ՀՀ քաղաքացիների այլ իրավունքներին։
