NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ Ոստիկանության փորձագետները դեռևս չեն պարզել «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրությունում պայթյունի ուժը և պայթուցիչ նյութի տեսակը
ՀՀ Ոստիկանությունում դեռևս վարկածներ չեն բերվում «Չորրորդ իշխանություն» ընդդիմադիր թերթի խմբագրատան մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի ուժի վերաբերյալ: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունում, փորձաքննությանը ժամանակ է պահանջվում /շուրջ մեկ շաբաթ/`պարզելու պայթյունի ուժը և պայթուցիչ նյութի քիմիական կազմը:
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքի դռան մոտ պայթյուն էր տեղի ունեցել դեկտեմբերի լույս 13-ի գիշերը` ժամը 04.30-ի սահմաններում: Դուռն ամբողջությամբ վնասվել է, կոտրվել են պատուհանները: Ոստիկանությունը դեռևս տեղեկությունների չի տիրապետում նաև թերթի խմբագրությունում պայթյունի պատվիրատուի և կատարողի մասին: Նշենք, որ պայթյունի փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 185 հոդվածով (գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում):
Միաժամանակ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը գործընկերների հետ զրույցում Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի և ՀՀ վարչապետի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կողմից պայթյունի կազմակերպման կասկած է հայտնել: Միաժամանակ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՙՉորրորդ իշխանության» հետ կապվածը ՀՀՇ- ի պրովակացիան է:
