NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ-ն ջանում է վերամեկնարակել Եվրոպայի սառեցված հակամարտությունների մասին քննարկումները
Ստրասբուրգ, 31.10.2007թ.
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը, որի նպատակն է ապահովել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, Միջազգային և անվտանգության խնդիրների գերմանական ինստիտուտի (SWP) հետ համատեղ «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ լսումներ կանցկացնի Բունդեսթագում (Բեռլին) 2007թ. նոյեմբերի 5-ից 6-ը` կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի իրավիճակներին:
Անդամակցելով Եվրոպայի խորհրդին` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան պարտավորվեցին խաղաղ ճանապարհով կարգավորել այս հակամարտությունները: Ռուսաստանի Դաշնությունը այս խնդիրներից որոշների նկատմամբ ևս ստանձնեց կոնկրետ պարտավորություններ:
Լսումները հետապնդում են առաջատար փորձագետների և կառավարությունների ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու երկակի նպատակ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հետազոտել յուրաքանչյուր հակամարտության իրավիճակը և քննարկում սկսել հակամարտությունների լուծման գործընթացում Եվրոպայի խորհրդի ապագա դերի շուրջ:
Առաջին օրը լսումները կընթանան հանձնաժողովի անդամների և փորձագետների (պատմաբաններ, հետազոտողներ, միջազգային իրավունքի մասնագետներ, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ) միջև կարծիքների փոխանակման ձևով և կօգնեն ճանաչված փաստերի վերաբերյալ քննարկումների միջոցով ճշտել հակամարտությունների կողմերի տեսակետները:
Հաջորդ օրը քննարկումներ կծավալվեն շահագրգիռ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: Այնուհետև հանձնաժողովը կեսօրին հանդիպում կունենա փակ դռների ետևում` լսումների արդյունքները վերլուծելու նպատակով:
Մամլո ասուլիսը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին` Բունդեսթագում: Ասուլիսին կմասնակցեն Մոլդովայի Վերաինտեգրման նախարար Վասիլի Սովան, Վրաստանի Հակամարտությունների կարգավորման հարցերով նախարար Դավիթ Բակրաձեն, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Լինտները և SWP-տնօրեն Ուվե Հալբախը:
