Հայաստանի բնության հուշարձանների ցուցակում 260 օբյեկտ է ընդգրկվել

Նախատեսված 4 հազար բնության հուշարձանների փոխարեն Հայաստանում պահպանվող օբյեկտների ցուցակում ընդամենը 260 բնության եզակի ստեղծագործություն է ներառվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է նման ցուցակ կազմվում, որի համար խթան է հանդիսացել վերջերս ՙՔարերի սիմֆոնիա՚ անվանմամբ բնության հազվագյուտ ստեղծագործության բարբարոսական ոչնչացումը: 2008 թվականի սկզբին ցուցակը կներկայացվի կառավարության քննարկմանը և հաստատմանը: Ցուցակում ընդգրկված բնության հուշարձանների մեծ մասը կստանա միջազգային մակարդակով պահպանվող օբյեկտի կարգավիճակ, քանի որ դրանցից մի քանիսն անկրկնելի է և հանդիպում է միայն Հայաստանի տարածքում: Ա. Զիրոյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան օրենսդրության բացակայության հետևանքով ՙՔարերի սիմֆոնիա՚-ի ոչնչացման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չկա: Սակայն, Կոտայքի մարզի ոստիկանությունը մտադիր է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանն իր հերթին նշել է, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը զուգահեռ ստուգումներ է անցկացնում ՙՔարերի սիմֆոնիա՚-ի ոչնչացման իրավական հիմնավորվածության առնչությամբ: Ստուգումների արդյունքներից ելնելով`երկրի կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկներ, որոնք պետք է իրավական բազա ապահովեն նման իրավիճակներում: