NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Րաֆֆի Հովհաննիսյանը բա՞ց է թողնում նախագահի ընտրությունը
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 27-ին Հայացք ակումբում հայտարարել է, թե չի մտածում նախագահի ընտրության մասին: «Ժառանգությունը հիմա ունի մեկ խնդիր, եւ մենք նախապատրաստվում ենք պատգամավորական այս ընտրությանը», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը, նկատի ունենալով թիվ 15 ընտրատարածքը, ուր ինքը առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու: «Ժառանգության» ղեկավարը հերքել է տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է ինքնաբացարկ հայտարարել, եւ այն էլ հոգուտ ՀՅԴ թեկնածուի: Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է, որ ազատ եւ արդար ընտրարշավի դեպքում ինքը կհաղթի: Մյուս կողմից, եթե պարտվի, ապա դա կլինի արժանապատիվ պարտություն, ասում է Հովհաննիսյանը, նշելով, թե հարգանքով է վերաբերում թիվ 15-ի իր մրացկիցներին:
Նախագահի ընտրության վերաբերյալ կուսակցության մասնակցության հարցը, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, կորոշվի աշնանը կայանալիք համագումարի ընթացքում:
«Ժառանգությունն ինքը մտել է այդ պայքարի մեջ քայլ առ քայլ իր քվեները հետ բերելու համար եւ ամենեւին առաջնային չէ, թե իր թեկնածությունը կդնի նախագահական ընտրություններին, թե չէ: Կարեւորը, որ այս անգամ Հայաստանի հանրապետության քաղքացին ունենա ռեալ, իրական, համակարգային այլընտրանք: Դա ինչ ածականով կբնորոծեք, ձեր իրավունքն է` միասնական է, առանցքային է, թե ինչ: Կարեւորն այն է, որ այս անգամ լինի իրական գաղափարական այլընտրանք, որը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի նախագահական ընտրությանը քաղաքացու իրական կողմնորոշման համար», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ իր մասնակցությանը, ապա չբացառելով, որ «Ժառանգությունը» կմասնակցի սեփական թեկնածույով, Րաֆֆի Հովհաննիսյանը ապավինում է Ռոբերտ Քոչարյանի տղամարդավայել կեցվածքին: «Աստված մեզ յուրաքանչյուր օր տալիս է անցյալը վերանայելու համար, սխալներն ուղղելու համար, եւ ես կարծում եմ, որ գործող նախագահը, ինչպես նաեւ վարչապետը, հնարավորություն ունեն սեփական սխալն ուղղելու եւ նոր հրամանագրով հավասար հնարավորության պատեհությունը տալու համար: Ներկա դրությամբ, եթե նրանք, կամ մեր մրցակիցներից որեւէ մեկը չի վախենում, հետ չի քաշվում ազատ, իմաստալից, հավսար մրցակցությունից, ուրեմն բոլոր իրավական ու օրինական հիմքերը կան մի հրամանագրով սխալն ուղղել», ասում է «Ժառանգության» ղեկավարը: Նա նկատի ունի իր քաղաքացիության խնդիրը, որի համար դիմել է դեռեւս 90-ականներին, բայց ստացել 2001-ին եւ չունի նախագահ առաջադրվելու իրավունք:
Սակայն նա ոչինչ չի սպասում նաեւ Ռոբերտ Քոչարյանից, եթե նախագահը չուղղի սխալը: «Դա կենաց մահու հարց չէ, կյանքի հարց չէ, կյանքն առջեւում է, կյանքի նպատակ չէ», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա համարում է, որ ընդդիմության միասնական թեկնածուի այն հավակնորդները, որոնց անուններն արդեն շրջանառվում են` ընդուպ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խետական ու քաղաքական փորձառու եւ վաստակավոր գործիչներ են, որոնք կարող են իրապես այլընտրանք ներկայացնել ընտրողին: «Ես գտնում եմ սակայն, որ ներկա դրությամբ առանձին վերցրած որեւէ մեկ անուն, չի կարող ներկայացնել այդ համալիր այլընտրանքը, որը կարող է հաջողության գրավական լինել առաջիկա ընտրություններում: Մինչ այդ անհրաժեշտ է համաներում, անհրաժեշտ է լուրջ վերլուծություն: Այն, ինչը որքան գիտեմ մինչ օրս տեղի չի ունեցել», ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, առանց անցյալի սխալների լուրջ վերլուծության, անհնար է հաջողություն ակնկալել նախագահի ընտրությանը:
