NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավորների վարքագծի կանոնագրքի շնորհանդես
Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ «ՀՀ դատավորի
վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների» շնորհանդեսը: «ՀՀ դատավորի վարքագծի
կանոնագրքի մեկնաբանությունները» հրատարակվել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի
էթիկայի հանձնաժողովի եւ ՀՀ դատավորների միության խորհրդի համատեղ որոշմամբ ու ՀՀ
վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի ընդհանուր խմբագրությամբ:
«ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը» գործողության մեջ է դրվել 2005 թվականի
դեկտեմբերի 8-ից: Կանոնագիրքն իր մեջ ներառել է դատավորի վարքագծի կանոններին
վերաբերող այնպիսի հիմնարար փաստաթղթերի պահանջներ, ինչպիսիք են 2002 թ. նոյեմբերին
Հաագայում ընդունված Բանգալորյան սկզբունքները, «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի,
մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և
անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների կոնսուլտատիվ խորհրդի 2002
թվականի նոյեմբերի 19-ի եզրակացությունը եւ խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային
այլ երաշխավորություններ և մոտեցումներ:
Սույն հրատարակությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության
և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ROLI հայաստանյան գրասենյակի համատեղ
ջանքերով:
Շնորհանդեսին հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանի դատական համակարգից,
պետական մարմիններից և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև փաստաբաններ,
իրավաբան-դասախոսներ եւ այլոք: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ-ի
տարածաշրջանային ավագ դատավոր Ջոն Մ. Ուոքեր Կրտսերը:
