NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իշխանությունների դեմ միայն քաղաքական միջոցներով
Սահմանադրության 27-րդ հոդվածը իրավունք է տալիս կարծիք արտահայտել եւ ոչ ոք իրավունք չունի անձին ստիպել փոխելու իր կարծիքը, Հուլիսի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ նրանց ընկեր Վահան Արոյանի նկատմամբ պետական կարգը բռնությամբ տապալելու կոչերի եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ հայտարարեց Վարդան Մալխասյանը: ՀՀ քրեական օրենսգրքի մեզ վերագրվող 301-րդ հոդվածը հակասում է ՀՀ սահմանադրությանը, անորոշ է եւ անհստակ եւ «այդ անորոշությունը իշխանություններին հնարավորություն է տալիս կամայականորեն եւ ընտրովի կիրառել այս հոդվածը ընդդիմադիր եւ անցանկալի գործիչների նկատմամբ քաղաքական հաշվեհարդար կիրառելու համար»:
Վարդան Մալխասյանը հայտարարեց, որ իր ելույթը եղել է քննադատություն, խիստ քննադատություն բայց ոչ երբեք պետական կարգը բռնությամբ տապալելու կոչ: Ես ասել եմ, որ նրանք, ովքեր ազատամարտիկների արյունով ձեռք բերածը վաճառում են, ովքեր խեղճացրել են հային քողարկված թշնամի են, ներքին թշնամի, հանցագործ աշխարհի թափթփուկներ. «եթե դատարանը կորոշի, որ դրանք ՀՀ իշխանություններն են, ես կընդունեմ իմ մեղքը», հայտարարեց Վարդան Մալխասյանը: Իր ելույթում նա ասել է, որ «Սերժն ու Քոչարյանը հայրենավաճառությամբ են զբաղված: Սա բոլորն են ասում, մենակ ես չեմ ասում»: Վարդան Մալխասյանը չի հրաժարվում իր ելույթից, բայց հայտարարում է, որ պետական կարգը բռնությամբ տապալելու կոչ չի արել եւ առաջարկում է ելույթը լեզվաբանական փորձաքննության ենթարկել:
«Զարմանում եմ, թե իշխանությունները ինչու են վախենում քննադատական խոսքից» հայտարարեց Վարդան Մալխասյանը եւ հենց դատարանի դահլիճում քննադատեց իշխանություններին: Օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե դատարանների նկատմամբ անվստահություն կա: Դա նրանից է, որ «Հայաստանում կան իրենց օրենքից եւ արդարադատությունից վեր դասող անձիք, ովքեր չեն թողնում, որ դատավորը ճիշտ մտածի, արդարադատություն իրականացնի եւ սրա հիմքերը գալիս են նախագահից»:
Ըստ Վարդան Մալխասյանի իրենց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելը դատարանին դրել է մի վիճակի մեջ, երբ դատարանը ստիպված է լինելու առավելագույն պատժաչափ սահմանել: «Մենք ազատազրկված ենք արդեն 7.5-8 ամիս: Եթե դատարանը որոշի մեզ պատժել ոչ նվազագույն պատժով` տուգանքով, ոչ առավելագույն պատժով` 3 տարի ազատազրկում, այլ միջին` երեք ամիս ազատազրկում, ո՞վ է պատասխան տալու նրա համար, որ 5 ամիս ավել ենք ազատազրկված», հարցրեց Վարդան Մալխասյանը: Հենց սա էլ դատարանին ստիպելու է առավելագույն` 3 տարի ազատազրկում որոշել, կարծում է Վարդան Մալխասյանը: «Միեւնույն է հայը պայքարելու է», ամփոփեց Վարդան Մալխասյանը:
Նույնն օրը ցուցմունք տվեց նաեւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը: Նա հայտարարեց, որ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության հավաքում եղել են ելույթներ, բայց պետական կարգը բռնի տապալելու կոչեր չեն եղել: Հավաքն ինքը չի ունեցել այնպիսի նպատակներ, որն առնչություն ունենային Վարդան Մալխասյանին, Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքների հետ, հավաքը գաղտնի չի եղել, ներկա են եղել ինչպես «Հայ կամավորականների համախմբման» հետ կապ չունեցող գործիչներ, այնպես էլ` լրագրողներ:
Ընդհանրապես Արմեն Աղայանը պահանջում է «մեզ խելագարների ամբոխ չհամարել, Նաիրի Հունանյանի մակարդակի»: «Հայ կամավորականների համախմբման» մեջ համախմբվածները գիտեն, որ «պետական մեքենայի դեմ զենքով գնալը ինքնասպանության պես բան է» եւ իշխանափոխության իրենց անսահման ցանկությունը պատրասվում են իրականանցնել բացառապես քաղաքական միջոցներով եւ ազգային, գաղափարական, կազմակերպված եւ կարգապահ ուժ ձեւավորելով:
