Մեկ թեկնածուի պաշտպանելու ժամանակները անցել են միայն Հայաստանո՞ւմ

Հուլիսի 20-ին «Հայելի» ակումբում օրենքի եւ իրավունքի գերակայության շուրջ էին բանավիճում ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, անկուսակցական Արծվիկ Մինասյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Բանախոսները համակարծիք էին, որ Հայաստանում կան լավ մակարդակի օրենքներ, որ իրավունքի գերակայությունը ամրապնդված է օրենքներով ու Սահմանադրությամբ, բայց մի բան է օրենքը, այլ բան`դրա կիրառումը:

Արմեն Մարտրիոսյանը կարծում է, որ իրավիճակը փոխելու համար հարկ է պատժել մի քանի հոգու եւ ոչ թե խոսել համակարգային փոփոխություններից. «առանց պատժի համակարգային փոփոխություններն էլ կմնան թղթի վրա»: Արծվիկ Մինասյանը շատ ավելի հանգիստ է վերաբերում օրենքի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման հարցին. «եթե միշտ պատշաճ կիրառվեր, ինչ էր անելու դատական համակարգը: Իշխանության երրորդ ճյուղը հենց նրա համար է, որ նման դեպքերում արդարադատություն իրականացնի»: Արծվիկ Մինասյանը կարծում է, որ մեզանում օրինագծերի հիմնավորումները շատ հաճախ մակերեսային են եւ օրենքն էլ ընդունվելուց հետո հեռանում է հիմնավորումներից: Իհարկե Արծվիկ Մինասյանը կողմ է ՀՀ քաղաքացիների իրավահավասարությանն ու խտրականության բացառմանը, մյուս կողմից էլ կարծում է, որ հասարակության անհանդուրժողականությունը այս կամ այն երեւույթին պետք է լինի սահմանադրության շրջանակներում: Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ երբ ԱԺ-ում եւ կառավարություն արտացոլվի հասարակության վստահության քվեն, այնժամ էլ կարելի կլինին խոսել վստահության քվեով պայմանավորված իրավունքի մասին:

Արծվիկ Մինասյանը, ինչպես ՀՅԴ ցանկացած այլ ներկայացուցիչ հայտարարեց, որ ՀՅԴ-ն եւ իշխանությունն է եւ ընդդիմություն: Իսկ դա նշանակում է, որ «պատասխանատու ենք եւ լավի եւ վատի համար: Իշխանություն ՀՅԴ-ն մշտապես պաշտպանում է իշխանության գործողությունները: Իսկ երբ ՀՅԴ-ն չի պաշտպանում առանձին գործողություններ` ուրեմն այդ պահին ՀՅԴ-ն իշխանություն չէ»: Արծվիկ Մինասյանը հայտարարեց ՀՅԴ-ական նախարարները պատասխանատուն են իրենց վստահված ոլորտներում քաղաքականության մշակման եւ ներդրման համար:

Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն սեփական թեկնածուին է առաջադրելու, ով պարտադիր չէ, որ լինի ՀՅԴ-ական, հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Այսկերպ ՀՅԴ-ն հանրությանը այլընտրանք ներկայացնելու հարցն է լուծում եւ կարծում է, որ անցել են մեկ անձին պաշտպանելու ժամանակները: Սա այն ՀՅԴ-ն է, որ Ղարաբաղում այլ ուժերի հետ պաշտպանեց հենց մեկ անձի` իշխանության ներկայացուցիչ Բակո Սահակյանին: Ղարաբաղում կարելի է, Հայաստանում` ո՞չ, հարցրեցինք Արծվիկ Մինասյանին: «Ես չասացի Հայաստանում չի կարելի, ես ասացի անցել է դրա ժամանակը: Բակո Սահակյանի պաշտպանության ՀՅԴ որոշումը առաջին հերթին բխում էր Ղարաբաղի այսօրվա եղած վիճակով եւ բնականաբար համերաշխության ավելի կայուն մթնոլորտ ձեւավորելու սկզբունքից էլ ելնում, ինչպես նաեւ թեկնածուի անձը հաշվի առնելով»: