NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կկազմակերպվի նաեւ հանրային դատ
Հուլիսի 19-ին «Ուրբաթ» ակումբում ՀՀ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար կալանավորված Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Վահե Գրիգորյանն ու Արա Զաքարյանը եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար, Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը հայտարարեցին, թե քրեական գործի դատաքննության ժամանակ ոչ մի նոր բան չի ավելացել, չկա ապացույց, որ եթե անգամ Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանը սահմանադրական կարգը բռնի տախալելու կոչեր արած լինելու պարագայում այդ կոչերը իրականացնելուն ուղղված միջացառումներ արած լինեին: Սա շատ ավելի ցածր է քան «ուչաստկովիի մակարդակի» գործը, նկատեց Վահե Գրիգորյանը: Վարդան Մալխասյանի ու Ժիրայր Սեֆիլյանի ընկերները կարծում են, որ եւ գործի հարուցումը եւ վեց ամիս տեւած նախաքննությունը մեկ նպատակ ունեին. անել այնպես, որ Վարդան Մալխասյանն ու Ժիրայր Սեֆիլյանը ընտրությունների ժամանակ ազատության մեջ չլինեն: Գործում կան հակասություններ, որոնց մասին էլ խոսելու համար հրավիրված էր ասուլիսը:
Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված է ապօրինի զենք կրելու մեղադրանք: Նախ գործում առկա է փաստաթուղթ, որը վկայում է, որ Ժիրայր Սեֆիլյանի կրած զենքը նա պարգեւ է ստացել Արցախի պաշտպանական բանակի հրամանատարից դեռ 1998 թվականին: Բայց մեղադրող կողմը ներկայացրել է մի փաստաթուղթ, թե զենքը հաշվառված է ՀՀ ՊՆ-ում եւ այն ծառայությունից հետո պետք է վերադարձվեր ծառայության վայր: Փաստաբան Վահե Գրիգորյանը զարմանում է. նախ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ ՊՆ ծառայող չի եղել եւ հետո նա իր ծառայությունը ավարտել է 8-9 տարի առաջ: Այս ընթացքում զենքը իր մոտ է եղել, ով է այդքան հանցավոր անփություն դրսեւորել այս տարիներին զենքերի հաշվառման հարցում եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվության ենթարկվել է՞:
Նույն գործով ապօրինի զենք պահելու մեղադրանք է առաջադրվել նաեւ Վարդգես Շիրինյանին: Սակայն նախքան գործը դատարան հասնելը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ Վարդգես Շիրինյանը մասնակցել է արցախյան պատերազմին: Ժիրայր Սեֆիլյանն էլ է մասնակցել եւ դեռ ավելին, եղել զորամիավորման հրամանատար, սակայն դա մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար` Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում փամփուշտներ են հայտաբերվել: Մինչեռ Արմեն Աղայանը նկատեց. պատերազմի տարիներին նրա տնով շատ զենք է անցել ու հնարավոր է որ այդ փամփուշտները մի անկյունում թափված մնացել են:
Ժիրայր Սեֆիլյանի տանը կատարած խուզարկություններին մասնակցել են այս գործով քննաչական գործողություն իրականացնելու իրավունք չունեցող քննիչներ, հետեւաբար այդ խուզարկություններով ձեռք բերված ապացույցները իրավական ուժ չունեն: Այս մասին փաստաբանները խոսել են դատարանում, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է միջնորդությունը: Փաստաբանները հայտարարեցին, որ դատավորը հարմար պահին իրենց թույլ չի տալիս միջնորդություն ներկայացնել, հետո թույլ է տալիս եւ միջնորդությունը թողնում առանց քննության` որպես ոչ ճիշտ պահին արված:
Ի դեպ, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ Հայ կամավորականների համախմբում հասարակական նախաձեռնությունների անդամները որոշել են կազմակերպել հարցի հանրային դատ կամ հանրային լսումներ: Այս պահի այդ գործին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվելՊարույր Հայրիկյանը, Վարդան Հարությունյանը, Ռուբեն Թորոսյանը եւ այլք: Դժվարությունը, ըստ Արմեն Աղայանի, մեղադրող ճարելն է, որ առայժմ չի ստացվում:
Արմեն Աղայանը անդրադարձավ նաեւ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե չարժե հերոսացնել Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին: «Երթուղայինների դիսպետչերները չեն, որ պետք է մարտական զորամասեր ղեկավարած հրամատարներին հերոսացնեն կամ չհերոսացնեն: Գալուստ Սահակյանի հայտարարությունը գնահատում եմ դատարանում ակնհայտ դարձող, բացահայտվող իրողությունների գնահատականը: Իշխանությունները հասկանում են, որ այս ճաշը մարսելու ժամանակն է, բայց ինչ-որ չի ստացվում այդ մարսելու պահը եւ փորձում են այսպիսի արտահայտություններով շեղել ուշադրությունը բուն հարցից, որ Վարդան Մալխասյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը բացարձակապես անմեղ են», հայտարարեց Արմեն Աղայանը:
