NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միայն թիմային մասնակցություն
Նախագահի ընտրությունից առաջ անհրաժեշտ է ժողովրդավարական ուժերի համախմբում, թիմի ձեւավորում եւ միայն այդ թիմի առկայության դեպքում է հնարավոր հաջողության ակնկալիքով մասնակցել նախագահի ընտրությանը: Այդ տեսակետի հեղինակը ԱԻՄ նախագահ Պարույր Հարիկյանն է, որ արտահայտվել է հուլիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում: Պարույր Հայրիկյանի Սերժ Սարգսյանի ուժը այն է, որ հենց թիմ ունի` «ինքը մենակ ոչինչ է, բայց թիմ ունի»: «Ընդդիմությունն էլ պետք է նախ մտածի թիմ, ապագա անվտանգության խորհուրդ ձեւավերու մասին», ասում է ԱԻՄ նախագահը:
Հայրիկյանն ասում է, թե պատրաստ են բոլորի հետ համագործակցել, բայց ԱԻՄ նախագահը նշել է, որ ժողովրդավարությունը գերագույն նպատակ հռչակող ուժերը պետք է նաեւ ընդունեն այն ծրագիրը, որ ներկայացնում է ԱԻՄ-ը: Նա ասում է, որ նախագահը պետք է լինի անցումային, պետք է միասնաբար ձեւավորվի թիմը, այն ունենա հասարակական վստահություն, ընտրվի նախագահ, հետո նախագահն ապահովի վարչապետի եւ ազգային ժողովի նոր ընտրություն, իսկ հետո ինքը հրաժարական տա:
«Գիտեք ես զարմանում եմ, ինչ լկտի պիտի լինի որեւէ մեկը, որ իմ կենդանության օրոք, որ ասի, ես իմ թեկնածությունը կարող են դնել: Լկտիության գագաթն է: Ազգային ազատագրական պայքարի առաջնորդի կենդանության օրոք, իրենց բոլորին անկախության հասցրած մարդու կենդանության օրոք, իրենց ինքնորոշում, ժողովրդավարություն բառը սովորացրած մարդու օրոք, նրանք խոսում են, որ իրենք ավելի լավ նախագահ կլինեն: Ես չեմ ասում, որ ես պետք է դնեի իմ թեկնածությունը, բայց իմ ներկայությամբ համարձակվում են ասել, ոնց որ որդին հայրիկի ներկայությամբ ասի` հայրիկ, ես քեզանից լավ կկառավարեմ տունը», ասում է Պարույր Հայրիկյանը:
Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանն էլ հանդես է գալիս միասնական թիմով ընտրության գնալու օգտին, Հայրիկյանը նկատել է, որ եթե Վազգեն Մանուկյանն էլ ասում է միասնական թիմով, ուրեմն առաջընթաց ապրել է: «Որովհետեւ առաջ ինքն ասում էր ես, միայն ես, ես: Բայց միավորման մասին խոսելու, մանավանդ Վազգեն Մանուկյանը, միասնական ճակատով խոսել որեւէ հիմք չունի, որովհետեւ խորհրդարանական ընտրությունները, գիտեք ինչ, մարդիկ առաջնորդվում են, գնահատական են տալիս երեւույթներին արված գործերով, իսկ խորհրդարանական ընտրություններում գերագույն քայքայիչ դերը կատարեցին Վազգեն Մանուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը», ասում է Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրել է նաեւ 1996 թվականի դեպքերը, երբ նախագահի միասնական թեկնածու Մանուկյանը, ըստ հայրիկյանի, ուղղակի փախավ պատասխանատվությունից: Թեեւ ԱԻՄ նախագահը համարում է, որ բոլորն էլ սխալական են եւ եթե միասնական թիմի մասին քննարկումները կորոշեն, որ միասնական թեկնածու է լինելու Վազգեն Մանուկյանը, ապա Հայրիկյանը դրա դեմ ոչինչ չունի:
Ըստ նրա, խորհրդարանի ընտրությունը շատ ավելի կարեւոր էր քան նախագահի ընտրությունը, քանի որ Սահմանադրության փոփոխությունից հետո նախագահը էական դեր չունի: Հայրիկյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը հենց դրա համար էլ ազգային կարեւորագույն փաստաթուղթը վերաձեւեց իր քմահաճույքով, ինչի համար, ըստ Հայրիկյանի, նա կպատժվի հաստատ` սակայն ոչ մարդկային պատժով: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու անխուսափելիությունը փաստող կանխատեսումներին, որ արվում են արեւմտյան մամուլում, ԱԻՄ նախագահը ասում է. «Ձեր ասած ամերիկյան մասնագետները տգետ են, որ ասում են, որ նախագահական ընտրությունների ժամանակ պետք է բան փոխվի եւ իշխանության տերը կդառնա Սերժ Սարգսյանը: Նա արդեն վաղուց դարձել է: Խոսքը այս պահին վերաբերում է նրան, որ մենք կարողանանք վերականգնել երկրում իշխանությունների տարանջատումը», ասում է Պարույր Հայրիկյանը:
