NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեր-Պետրոսյանը ունի խնդիր
Հուլիսի 16-ին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Մամուլի Ազգային ակումբում իր տեսակետն է հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հավանականության մասին: «Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ որ փուլում, ճակատագրի բերումով, իր շնորհքով, ընկերների աջակցությամբ, Մոսկվայի օգնությամբ, դրա մասին չենք խոսում, ինչ որ փուլում եղել է մեր գլխավոր հրամանատարը: Շատ ծանր կլինի, Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, այն գլխավոր հրամանատարի համար, ով «որոշակի ուժերի» ճնշման տակ երկիրն անտեր է թողել, շատ ծանր կլինի արդարանալ: Որովհետեւ եթե մեկն ուզում է դառնալ գլխավոր հրամանատար, բնականաբար իրեն պետք է ասեն չէ` 1998 թվականին դու հայտարարեցիր, որ ինչ որ ուժերի ճնշման տակ նահանջում եմ: Գլխավոր հրամանատրի համար դա ահավոր, անթույլատրելի քայլ է: Գլխավոր հրամանատարն այն բանի համար է, որ որոշակի ուժերի ճնշման տակ ոչ միայն չնահանջի, այլ անցնի հարձակման», ասում է Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա, Լեւոն Տեր-Պետրոսյան անհատի մասին խոսելը, կամ Հայրիկյան անհատի մասին խոսելը, որեւէ մեկի մասին խոսեը նշանակում է իրավիճակը չպատկերացնել: «Անհատի շուրջ չպետք է համախմբվել, այլ պետք է համախմբվել առհասարակ: Մենք ի վերջո պետություն ունենք: Այն, որ ասում են ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, ադյ կարգախոսը անցել է վաղուց: Ազգը միասնական է իր պետությամբ», ասում է Պարույր Հայրիկյանը. նշելով, թե չի ուզի, որ երկրում ինչ որ բանի փոփոխությունը կախված լինի անհատից, թեկուզ այդ անհատը լինի ինքը:
