Հայ չենք ու մարդ չե՞նք

Ազգային Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հուլիսի 16-ին հանդես է եկել անակնկալ հայտարարությամբ, ասելով, թե հայը, ով գիտե, որ կա միասնական ուղղագրության խնդիր ու հանգիստ քնում է, հայ չէ:

«Ես ուզում եմ դառնալ նախագահ, որ մենք հայրես, դառնանք հայ: Դուք գիտեք չէ, որ մենք հայերս հայերեն խոսում ենք, բայց հայ չենք: Ոչ ոք իրեն չխաբի, թե հայ է: Մենք նաեւ մարդ չենք: Մի օրինակ ձեզ` աֆրիկյան մի երկրում, գրավված է եղել այդ երկիրը, գրավելուց հետո եկել է ազատագրական փուլը: Գրավվման ընթացքում իրենց ուղղագրությունը փոխել են: Եւ այդ ընթացքում նրանք երկու ուղղագրությամբ են գրում: Հենց որ անկախությունը վերականգնվել է, 10-15 տարի հետո այդ ուղղագրությունը չի միասնականացել, շարունակում են կրկին երկու ուղղագրությամբ գրել` նրանք ոչ իրենց հայրերին են հարգում, որովհետեւ մարդ չեն, ոչ էլ իրենց ազգային պատկանելությունն են հարգում, որովհետեւ ազգի ներկայացուցիչ չեն: Դա աֆրիկացիների մասին, բայց երբ խոսքը մեզ է վերաբերում, մեր ուղղագրությունը բոլշեւիկների ժամանակ վերականգնել են, կիսով չափ: Է եւ Օ տառերը վերականգնել են, բայց այսօր մենք ինչ ենք անում: Տասնհինգ տարի անկախ ենք, բայց ոչ Մեսրոպ Մաշտոց ենք հարգում, ոչ էլ մեզ ենք հարգում», ասում է Պարույր Հայրիկյանը: