Պիրատության մակարդակով Հայաստանը առաջին տեղում է

Հուլիսի 13-ին Երեւանում անցկացված «Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» կլոր սեղանով սկսվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած ՏՏ ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանության արշավը: Հայտնի է, որ հեղինակային իրավունքների պաշտպանության խնդիր ունեն բոլոր երկրները, սակայն եթե ԱՄՆ-ում հեղինակային իրավունքի խախտումները` պիրատությունը 21 տոկոսի սահմաններում է, եվրոպական երկրներում (Գերմանիա, Ավստրիա, Դանիա, Ֆինլանդիա, Շվեդիա եւ այլն)` մինչեւ 30 տոկոս, ապա Հայաստանում պիրատությունը 95 տոկոս է: Ամենաբարձրը աշխարհում: Մեզ հետ համեմատելի է միայն Ադրբեջանը:

«Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավ» կլոր սեղանի ժամանակ նշվեց, որ Հայաստանում հարցը շատ ավելի կարեւոր է նաեւ այն պատճառով, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանը նավթ ու գազ չունի եւ մտավոր սեփականությունն է մեր հարստությունը: «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հայտարարեց, որ միայն ծրագրային ապահովման ոլորտում պիրատության արդյունքում Հայաստանը տարեկան կորցնում է 8 միլիոն դոլար: Իսկ մյուս ոլորտները ներառյալ` մոտ 20 միլիոն, որից 4 միլիոնը պետությանը չվճարված հարկերն են, 15-16 միլիոնը հեղինակների կրած վնասները:

Գրիգոր Բարսեղյանի կարծիքով, հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանելուն ուղղված մեր օրենսդրությունը լավն է, պարզապես մարդիկ իրազեկ չեն: Ըստ «Հայհեղինակ» ՀԿ ներկայացուցչի, հեղինակային իրավունքների մասին օրենսդրությանը իրազեկ չեն անգամ դատավորները: Ոլորտում տիրող վիճակը հաշվի առնելով, Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության արշավի նախաձեռնողները առաջարկում են. հանրության բոլոր շերտերի համար կազմակերպել կրթության եւ իրազեկման միջոցառումներ, ունենալ հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությանն ուղղված լավ եւ ժամանակի պահաջներին համապատասխան մշտապես կատարելագործվող օրենք, ունենալ հեղինակային իրավունքները պաշտպանող պետական կառույց եւ պետություն, որը լինելով ամենախոշոր օգտագործողը, հեղինակային իրավունքների պաշտպանության օրինակ կծառայի:

ՏՏ ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանության արշավի շրջանակներում կկազմակերպվեն այլ քննարկումներ եւ հեռուստահաղորդումներ: