Կուզենար տեսնել տասին

Հայաստանցի լրագրողները ՀՀ ԱԺ նախագահին հարցրել են,, թե ինչպես է գնահատում հանգամանքը, որ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ եւ գործընկեր ՀՅԴ խմբակցությունները Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ Պետտուրքի մասին օրենքների նախագծերի քվեարկությանը ակտիվ մասնակցություն չունեցան, ինչն էլ դարձավ այդ օրինագծերի տապալման պատճառ: Տիգրան Թորոսյանն այդ կապակցությամբ պատմել է չինական մի պատմություն տասներկու ընկերների մասին: Ընկերները շատ մտերիմ են, անբաժան, բայց որոշում են ինչ որ ժամանակով բաժանվել, հետո նորից հավաքվել: Որոշում են, որ հավաքվելիս ամեն մեկը մի բաժակ բրնձի օղի կբերի իր հետ, կլցնեն ընդհանուր կուժի մեջ եւ պատմելով իրարից առանձին անցկացրած ժամանակի մասին, կխմեն նաեւ բերած օղին: Երբ բոլորը հավաքվում են կրկին, պատմում անցածը եւ սկսում են խմել օղին, ապա զարմանքով իրար են նայում, քանի որ պարզվում է, որ կուժի միջինը ջուր է: Եվ այդժամ բացահայտվում է գաղտնիքը` ամեն մեկը մտածել է, որ ինքը կարող է օղու փոխարեն ջուր տանել ու լցնել կուժը, եւ դա չի երեւա տասնմեկ բաժակ օղու մեջ: Բայց ստացվել է այնպես, որ այդպես են մտածել բոլոր տասներկուսը եւ արդյունքը եղել է ջուրը:

Տիգրան Թորոսյանը ՀՀԿ իշխանական գործընկերներին ասում է, որ պետք չէ հույսը դնել ուրիշի վրա, եւ նաեւ եթե կնքվել են կոալիցիոն գործակցության եւ գործընկերության հուշագրեր, ապա պետք է հարգել այդ պայմանավորվածությունները:Ազգային Ժողովի նախագահը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը երկրորդ անգամ չի բերի Հեռուստատեսության ու ռադիոյի եւ պետական տուրքի մասին օրինագծերը: Թե ինչով է նա այդքան վստահ, պարզ չէ: Իսկ թե ինչու չի բերի, Տիգրան Թորոսյանը հարցը խնդրում է ուղղել կառավարությանը:

Ազգային Ժողովի Հանրապետական նախագահը նաեւ հայտարարել է, որ հուլիսի 14-ին նախատեսված ՀՀԿ համագումարի հետաձգումը չունի որեւէ արտառոց պատճառ, այլ ընդամենը կուսակցության Խորհուրդը ավելի նպատակահարմար է գտել այն անցկացնել աշնանը, մինչ այդ լուծելով տեխնիկական խնդիրները: Աշնանը կլինի համագումարը, կընտրվի ՀՀԿ նոր նախագահ եւ կուսակցությունը նաեւ կառաջադրի Հայաստանի նախագահի իր թեկնածուին: Տիգրան Թորոսյանը ասել է, թե ՀՀԿ թեկնածուն մեկն է, բայց չի ասել, թե որ մեկը, նշելով, թե կարգ կա, որից առաջ չի ընկնի: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ գործիչների հայտարարությանը, թե իրենք ունեն Հայաստանի նախագահի առնվազն տասը թեկնածու, ապա Տիգրան Թորոսյանը ասել է, թե երբ գա ժամանակը, կցանկանար տեսնել այդ տասին: