NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այլընտրանքի բնազդային որոնումներ
Եթե լուրջ նայենք, ապա կտեսնենք, որ Հայաստանում իրականացվում է պետության ինչ որ մոդելի շինարարություն, որը սկսկվել է դեռեւս 1994 թվականից եւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առանձնապես նոր բան չեն հնարել: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, հանդես գլով Մամուլի ազգային ակումբում: «Դա մի ուղղություն է, որ Հայաստանում իշխանությունը եւ ֆինանսական ու տնտեսական կարողությունները կամաց-կամաց կուտակվում են 5, 6, 7 ընտանիքների ձեռքում, որի տակ առաջանում է մի 40-50 ընտանիք, որ նրանց սպասարկում են եւ օգտվում դրանից, հասարակությունը բացարձակապես ազդեցություն չունի իշխանության վրա: Դրա հետ միասին, իրենք հետեւողականորեն կարող են այնպես անել, որ ընտրություններ էլ չլինեն, բայց երեւի Արեւմուտքին պետք է հարմարվել, վերջ ի վերջո հռչակված է ժողովրդավարական պետություն կառուցելու կուրսը», ասում է ԱԺՄ նախագահը:
Նա կարծում է, որ իրավիճակը փոխելու շանսը նախագահական ընտրություններն են, եթե իհարկե ընդդիմությունը կարողանա համախմբվել եւ համախմբել հասարակությանը: «Ընդդիմության մեջ կան ուժեր, որոնց միավորումը ես կանվանեի միասնական թեկնածու, ոչ թե բոլորին: Որովհետեւ ընդդիմություն կա, որ տարբեր պատվերներ են կատարում, թե արտաքին, թե ներքին: Ինչ պարտադիր է, որ նրանք բոլորը իրար հետ միավորվեն, ինչ օգուտ կլինի դրանից», ասում է Վազգեն Մանուկյանը: Նա խորհուրդ է տալիս չմտածել, թե բոլոր ընդդիմադիրներն են լավը եւ բոլորն էլ պատրաստ են փոխել իրավիճակը:
«Ես համենայն դեպս իմ կողմից փորձելու եմ դա իրականացնել եւ պատասխանատվություն վերցնել ինձ վրա, ինչպես պատասխանատվություն վերցրել եմ թե 88 թվին, թե 90 թվին, թե պատերազմի ժամանակ», ասում է Վազգեն Մանուկյանը, միաժամանակ նշելով, որ խնդիրը չի լուծվում միայն մեկ անձով կամ կուսակցությամբ, այլ լուծվում է ամբողջ հասարակությամբ: ԱԺՄ նախագահը կարծում է նաեւ, որ խնդրի լուծմանը կարող է նպաստել իշխանության մեջ առկա որոշակի տրամադրությունը, որ ունեն իշխանական թեւի շատ ներկայացուցիչներ: «Իշխանական թեւում բազմաթիվ մարդիկ կան, որ ունեն բավականին իշխանություն, ունեն բավականին հաստություններ, բայց ներքին անհանգստություն ունեն, որովհետեւ այսպիսի պետությունը չի դիմանալու մարտահրավերներին: Եվ ոչ միայն հայրենասիրական իրենց մտածողությունը, այլ նաեւ զուտ ներքին իրենց բնազդը ապահովության պահանջում է, որ եթե լինի մի հատ այլընտրանք, որն իրենց անձնական մեծ վնասներ չբերի, բայց երկիրը դնի այն վիճակում, որ ապահովված լինի իրենց եւ հաջորդ սերունդների գոյատեւումը, բարգավաճումը, ապա իրենք կհամաձայնեն այդպիսի ուժի հետ բացահայտ կամ ոչ բացահայտ համագործակցել», ասում է Վազգեն Մանուկյանը:
