NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչ է փոխվել սահմանադրական բարեփոխումներից հետո
Միացյալ ազատական ազգային կուսակցությունը սկսում է հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների շարք, որոնցից առաջինը տեղի ունեցավ հուլիսի 11-ին «Կոնգրես» հյուրանոցում, «ՀՀ Սահմանադրություն. տեսություն եւ քաղաքական իրականություն» թեմայով: Հիմանական բանախոսներն էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Ըստ Դավիթ Հարությունյանի, սահմանադրական բարեփոժումներից հետո շատ հարցեր լուծվել են. օրինակ, Աժ լուծարումը առաջվա նման դյուրին չէ, բայց չի հաջողվել ապահովել այլ լուծումներ: Օրինակ, առաջվա նման չկա իշխանության ճյուղերի հավասարակշռության այնպիսի մեխանիզմ, որ կերաշխավորի խուսափել ճգնաժամերից, չկա սահմանադրությունը խախտած նախագահին պատժելու մեխանիզմ, եթե նախագահն ու վարչապետը կառավարության կազմի շուրջ համաձայնության չեն գալիս, ստեղծված վիճակից ելք չկա, եթե արտաքին քաղաքականության հարցում կառավարության եւ նախագահի համատեղ աշխատանքը չի ստացվում, պարզ չէ, թե ով է վերջնական որոշում կայացնելու, խորհրդարանական փոքրամասնության իրավունքները սահմանված չեն, չկա դատավորներին պատժելու մեխանիզմ եւ այլն:
Սահմանադրական փոփոխությունների ընթացքում Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը բնականաբար չհամաձայնեց: Նա իհարկե համաձայն է, որ ժողովրդավարություն նշանակում է, որ փոքրամասնության ձայնը լսելի է, փոքրամասնությունը ունի մեծամասնություն դառնալու շանս: Արմեն Հարությունյանն էլ է ընդունում, որ Սահմանադրության մեջ որոշ բացեր դեռ կան. պետական շատ մարմիններ՝ Կենտրոնական բանկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այլն, դուրս են մնացել Սահմանադրությունից, բայց նա համաձայն չէ հարցը հաջողվեց-չհաջողվեց տրամաբանությամբ քննարկելուն: Օմբուդսմենը առաջարկում է հետեւյալ հարթությունը. Սահմանադրությունը կարողանո՞ւմ է լուծել խնդիրներ, իրականացնել այն առաքելությունը, որի համար ընդունվել է: Ըստ Արմեն Հարությունյանի, մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովման համար միջավայր է պետք. քաղաքացիական հասարակություն, իր իրավունքների համար պայքարող քաղաքացի եւ մրցակցային ուժային կենտրոններ:
