Նախագահական ընտրությունները ընդդիմության վերջին շանս

Մեր պառլամենտը մեռելածին է, մեր երկրի համար դժբախտություն եւ արագացնելու է երկրում իշխանափոխությունը: Ես հաշվել եմ անուն առ անուն, մեր պալտամենտում 15-ից չի անցնում օրենք գրողների թիվը, դիրվանագիտական փորձ եւ հմտություններ ունեցողների թիվը: 80-90 տոկոս անառողջ օրգանիզմը չի կարող իր վրա դրված առաքելությունը իրականացնել, հուլիսի 6-ին «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը: Ըստ Արամ Մանուկյանի, Աժ-ում կան մարդիկ, որ արդեն 5-րդ անգամ են պատգամավոր դառնում, ոչ մի բառ չարտասանելով, ինչը խիստ բացասաբար է ազդելու Հայաստանի արտաքին իմիջի վրա:

Իսկ ԱԺ ընտրություններում պարտված ուժերը ունեն վերջին շանս. միավորված մասնակցել նախագահի ընտրություններին: ՀՀՇ-ի համար միասնական թեկնածուի լավագույն թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով ըստ Արամ Մանուկյանի, ունակ է միավորել անգամ իրարամերժ ուժերին: Բայց Արամ Մանուկյանը կարծում է, որ արդար ընտրությունների պարագայում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կարող են հաղթել Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ էլի մի 100 հոգի. «խնդիրը ձայներին տեր կանգնելն ու հաղթանակը արձանագրելն է»:

ՀՀՇ այս ներկայացուցիչը, ինչպես ՀՀՇ այլ ներկայացուցիչներ չի տեսնում այն իշխանական ուժը, որ կարող է դիմակայել Հայաստանի արտաքին եւ ներքին մարտահրավերներին: Իսկ դրանք շատ են. Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա նոր ձեւավորվող լուրջ համագործակցություն, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ զարգացումներ. «եթե ԱՄՆ-ը ընդունի Գաբալան միասին շահագործելու ՌԴ առաջարկը Հայաստանը Ադրբեջանից մի կարգ ցածր կարգավիճակում է հայտնվելու: Չընդունելու դեպքում, ԱՄՆ-ն իր ծրագիրն է իրագործելու Լեհաստանում եւ Չեխիայում եւ մեր ոչ բարով ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մի կարգ ցածր վիճակի է գալու: Արտաքին քաղաքականության եւ Ղարաբաղի հարցում մենք չունենք անկեղծ, լուրջ ռազմավարական գործընկեր, ինչը այդպես չէր 1994-95-ին: Արամ Մանուկյանի խոսքով, Ռուսաստանը կարեւոր եւ իսկապես ռազմավարական գործընկեր է, բայց չպետք է միակը լինի, չպետք է տնօրինի մեր տան գույքը: Եվ եթե Արամ Մանուկյանին հարմար պահ ներկայան, նա Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կհարցներ, գոնե հասկանում եք, որ ամեն ինչ ռուսներին տալը ճիշտ չէր: Ընդհանրապես ՀՀՇ-ի վարչության անդամը առաջարկում է զանազանել ՌԴ-ՀՀ հարաբերությունները ՌԴ եւ ՀՀ գործող իշխանությունների հարաբերություններից եւ նաեւ առաջարկում է ռուսների հրահրմամբ չսրել հայ-վրացական առանց այն էլ բարդ հարաբերություները:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին մեր անդամակցությունը կնվազեցնի Հայաստանի անվտանգությունը, Արամ Մանուկյանը գնահատեց տղայական, պարզունակ, ոչ գրագետ: Արամ Մանուկյանը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանը իրավացի է, բայց միեւնույն է. «նախագահը իրավունք չունի նման բան հայտարարել: Դրանով դու եվրոպայի խորհրդի, Արեւելյան Եվրոպայի ողջ գործընթացը հայտարարում ես քո երկրի գործընթացին հակառակ: Դու գնում ես նրանց հակառակ»: ՀՀՇ ներկայացուցչի կարծիքով, այն պարագայում, երբ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը եւ Ադրբեջանը բաց գնում են դեպի ՆԱՏՕ, զարմանալի չէ, որ նրանք Հայաստանին մեղադրում են իրենց զարգացումը կասեցնելու մեջ: Հայաստանի ընտրած անվտանգության համակարգը` ԱՊՀ, ՀԱՊԿ ամենաթույլ է, հայտարարեց ժամանակին անվտանգության հենց այդ համակարգը ընտրած ուժի ներկայացուցիչը եւ հավելեց, որ այն ժամանակ առանձնապես մեծ ընտրություն չկար, ոչ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիր, ոչ որեւէ միջազգային կազմակերպությանը մեր անդամություն եւ այլն: