NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատը սկսվեց եւ էլի ընդմիջվեց
Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հուլիսի 6-ին վերսկսվեց «հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամներ Վարդան Մալխասյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ Վահան Արոյանի նկատմամբ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ դատական նիստը ընդմիջվել էր հուլիսի 3-ին`երբ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը նախահագող դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ բացարկ էին ներկայացրել դատարանի նախագահ Ժորա Վարդանյանին: Ըստ փաստաբանների` դատավոր Մարտիրոսյանը անաչառ չէ:
Դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը մերժել էր բացարկը: Նույն դատավորի դեմ ճիշտ նույն հիմքով միջնորդություն հուլիսի 6-ի նիստում ներկայացրեց արդեն Վարդան Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Այս միջնորդությունն էլ մերժվեց: Նիստի ժամանակ պարզվեց նաեւ, որ մեղադրող ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արթուր Մկրտչյանը չունի այս դատական նիստում մեղադրող լինելու լիազորագիր: Դատավոր Մնացականյանը հայտարարեց, որ նման գրավոր փաստաթուղթ չկա, բայց Արթուր Մկրտչյանը պատշաճ լիազորված է: Պարզվեց նաեւ, որ դատարանը չի անդրադարձել Ժիրայր Սեֆիլյանին յոթ պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությանը:
