NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ագոյի խումբը իր մտահոգություններն է փոխանցել ՀՀ-ին
Հուլիսի 2-ի առավոտյան Երեւան է ժամանել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մոնիտորինգի խումբը` Ագոյի խումբը, ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պիեռ Սյորգենի գլխավորությամբ: Օրվա առաջին կեսին խումբը հանդիպել է ՀԿ-ներին, կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներին, հետո` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին: Առաջինների հետ հանդիպումներից ստացած տեղեկություններից եւ տպավորություններից հետո Ագոյի խումբը Վարդան Օսկանյանին իր մտահոգություններ է փոխանցել Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունների վերաբերյալ: Ագոյի խմբի ներկայացուցիչները ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ խոսքի ազատությունը ԵԽ առաջնահերթյուններից է: Եվրոպայի խորհրդում խոսքի ազատությունը դիտարկվում է մարդու հիմնարար ազատություններից եւ իրավունքներից մեկը, մամուլը պետք է ազատ լինի, հայտարարեց Պիեռ Սյորգենը:
Ագոյի խումբը արձանագրում է. «ներկա օրենսդրական փոփոխությունը արգելում է օտարերկրյա հեռարձակողներին` ներառյալ «Ազատություն» ռադիոկայանը հանրային ռադիոյի հաճախություններով հեռարձակելուն եւ դա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե նրանք դիմեն եւ այլ ալիքներով հեռարձակվեն լրացուցիչ չափազանց բարձր վարձավճարներ վճարեն, որը կարող է հիմք հանդիսանալ նրանց համար դադարեցնելու հեռարձակումը: Այդ մոտեցումը հակասում է հանրության շահերին, քաղաքական բազմակարծությանը եւ այն լուրջ ներդմանը, որ անկախ ԶԼՄ-ները ունենում են հանրային բանավեճում»:
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոստացել է այս մտահոգությունները փոխանցել համապատասխան մարմիններին: Նույնը կանի նաեւ Ագոյի խումբը հուլիսի 3-ին` ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հետ հանդիպումներում: Վարդան Օսկանյանն ինքը հույս ունի, որ այս հարցում կգտնվի մի լուծում, երբ «Ազատությունը» հնարավորություն կունենա իր հաղորդումները հեռարձակել Հայաստանում. «ես անկեղծ կցանկանայի այդպիսի լուծումը տեսնել»:
Իսկ ընդհանրապես ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ Ագոյի խմբի հետ հանդիպումը արդյունավետ էր, կարեւոր եւ օգտակար: Խոսվել է ինչպես արվածի, այնպես էլ` անելիքների մասին. նոր կառավարություն, գալիք նախագահական ընտրություններ եւ այլն, բայց «հիմնական շեշտը դրվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրի վրա»:
Դեսպան Պիեռ Սյորգենը առանձնացրեց, իր խոսքով, ԵԽ առաջնահերթությունները. ընտրություններ, խոսքի ազատություն, անկախ դատաիրավական համակարգ: Ագոյի խումբը ԵԽ անունից հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններում արձանագրված առաջընթացը, դրական միտումը կշարունակվի նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ անկախ դատաիրավական համակարգի կայացմանը կօգնի դատական դպրոցը, որի ուսումնական ծրագիրը մշակել է ԵԽ-ն, կարծում են ԵԽ-ում:
Վերջերս խոսելով ԼՂՀ-ում առաջիկա նախագահական ընտրությունների մասին ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը դրանք անվանել էր այսպես կոչված, Ղարաբաղի մասին խոսելիս օգտագործել անջատողականներ տերմինը: Լրագրողներին հետաքրքրում էր, այսկերպ արդյոք ԵԽ-ն անուղղակի չի աջակցում Ադրբեջանին: Դեսպան Պիեռ Սյորգենը ասաց, որ ԵԽ-ն չի ընդունում բոլոր սառեցված հակամարտությունների գոտիներում անցկացվող ընտրությունները: Իսկ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը անպատասխան չի թողնում բոլոր այն հայտարարությունները, որ չեն համապատասխանում կարգավորման գործընթացի ոգուն` անկախ նրանից, թե այդ հայտարարությունը արվել է թյուրիմացաբար, միտումավոր, թե անտեղյակության արդյունքում: Ըստ Վարդան Օսկանյանի, Թերի Դեւիսը անզգույշ հայտարարություն է արել: Վարդան Օսկանյանը ԵԽ Ագոյին խմբին խնդրել է իր գնահատականը փոխանցել Թերի Դեւիսին: Պարզվեց Պիեռ Սյորգենը տեղյակ չէ Թերի Դեւիսի այս հայտարարությանը:
