NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գազի սուբսիդավորումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը շարունակում է Հայաստանի կառավարությանը խորհուրդ տալ աստիճանաբար դադարեցնել բնական գազի սուբսիդավորումը սպառողների համար: Այդ հարցը Երեւանում քննարկել են ԱՄՀ Հայաստանի առաքեության նոր ղեկավար Մարթա Բրանկոյի գլխավորած պատվիրակությունն ու Հայաստանի կառավարությունը:
«Կառավարությունը վճռական է տրամադրված թույլ տալ, որպեսզի սուբսիդիան ինքնին մարվի մյուս տարի, երբ կլրանա դրա ժամկետը: Բայց մտահոգող խնդիրն այն է, որ երբ 2009 թվականին ստորագրվի գազամատակարարման նոր պայմանագիրը, որոշակի հավանականություն կա, որ այդ ժամանակ գինը կլինի ավելի բարձր, քան այսօրվա 110 դոլարն է, որ գազի դիմաց վճարում է Հայաստանը», ասում է Մարթա Բրանկոն: Նրա խոսքով, ԱՄՀ համար մտահոգիչ է, որ սուբսիդավորվող սպառողների համար, երբ 2009 թվականին նրանց սուբսիդավորումը կդադարի, իսկ գազի գինն էլ կբարձրանա, սպառողը կտրուկ գնաճի փաստի առաջ կկանգնի:
«Ուստի մենք կարծում ենք, որ ավելի լավ տարբերակ է մոտ ապագայում, աստիճանական, դանդաղ տեմպերով սկսել նվազեցնել սուբսիդիան: Միաժամանակ գտնում ենք, որ նման իրավիճակներում լավագույն գործողության տարբերակը նրանց պաշտպանելն է, ովքեր իսկապես կարիքավոր են», ասում է ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավարը, նկատի ունենալով, որ կառավարության ներկայիս սուբսիդիան համատարած է, ինչը նշանակում է, որ դրանից օգտվում են թե նրանք, ովքեր ունեն կարիք, թե նրանք, ովքեր հարուստ են եւ վճարունակ:
