NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեղադրանքը շինծու է եւ արհեստական
Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպելով, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա` «մեղադրանքը շինծու է եւ արհեստական»:
Ալեքսանդր Արզումանյանը կալանավորվել է փողերի լվացման մեղադրանքով: Ըստ մեղադրանքի, նա ռուսաստանաբնակ հայազգի գործարար Լեւոն Մարկոսից 170 000 դոլար է ստացել: Փաստաբան Հովիկ Արսենյանը նկատում է, որ Ալեքսանդր Արզումանյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար նախ պետք է ապացուցեին, որ փողերը սեւ, կեղտոտ փողեր են եւ հետո, որ ստացողը` Ալեքսանդր Արզումանյանը տեղյակ է եղել, որ դրանք սեւ, կեղտոտ փողեր են եղել: «Այս երկու տարրերը բացակայում են», հայտարարեց փաստաբանը: Ավելին, կա ՌԴ քաղաքացի Սաշիկ Աղազարյանի պաշտոնական հայտարարությունը, որ ինքն է Ալեքսանդր Արզումանյանին փող ուղարկել, ուղարկել է օգնելու համար եւ պարտքով: Սակայն ՀՀ իրավապահ մարմինները մերժել են Սաշիկ Աղազարյանին հարցաքննելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Հովիկ Արսենյանը ցավով հայտարարեց, որ նախաքննական մարմինը` ազգային անվտանգության ծառայությունը արգելել է Ալեքսանդր Արզումանյանի եւ հարազատների տեսակցությունները:
Ալեքսանդր Արզումանյանի կնոջ` Մելիսա Բրաունի խոսքով, «Նելսոն Մանդելան 27 տարի նստած է եղել, եւ կինը նրան երեք անգամ է տեսել: Եթե նրանք դիմացել են, մենք էլ կդիմանանք: Փորձում են մեզ ճնշման տակ պահել, բայց դա չի աշխատում»:
Ալեքսանդր Արզումանյանին երաշխավորությամբ ազատ արձակելու համար հավաքվել է 19 պատգամավորի ստորագրություն: Սակայն Հովիկ Արսենյանը կարծում է, որ դատարանը չի հարգի այս դիմումը` «դատարանը անկախ չէ եւ իրավունքի շահերը չի պաշտպանում»:
