NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մինչև ընթացիկ տարվա վերջը Տեխուտի հանքավայրում կսկսվի լայնածավալ շինարարություն
Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում Տեխուտի պղնձամոլիբդենային հանքավայրում կսկսվի ԼՀԿ լայնածավալ շինարարություն, այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՙՎալեքս րուպ՚ ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը:
Նրա խոսքերով, ներկայումս Տեխուտի հանքավայրում որոշակի աշխատանքներ են տարվում հողերի կարգավիճակի փոփոխման և բնապահպանական բնույթի համապատասխան թույլտվությունների ստացման ուղղությամբ: Այդ միջոցառումները կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում: Այդ ժամանակահատվածում կավարտվեն նաև ռուսաստանյան Վնեշտորգբանկի հետ բանակցությունները վարկի ստացման և նախագծում ՎՏԲ մասնակցության առնչությամբ: Ընդ որում, Վ.Մեժլումյանի խոսքերով, ՎՏԲ ֆինանսավորումը կգերազանցի ՙՎալեքս-գրոպ՚-ի ներդրումները: Զրուցակցի խոսքերով, չի բացառվում, որ Տեխուտի հանքավայրում աշխատանքների մեկնարկից հետո խմբի կազմի մեջ մտնող Ալավերդու պղնձահալման կոմբինատը կդադարեցնի իր գործունեությունը: Եթե մեզ հաջողվի աշխատողներին ներգրավել Տեխուտի հանքավայրում, ապա մենք կդադարեցնենք սև պնղձի վնասաբեր արտադրությունը և կարտահանենք խտանյութ, հաղորդել է Մեժլումյանը:
Մեկնաբանելով ՙՎալեքս գրուպի՚ կողմից Սոդքի ոսկեբեր հանքավայրի ձեռքբերման հնարավորությունը`Մեժլումյանը նշել է, որ իրենք դեռևս չեն մտածել այդ ուղղությամբ, սակայն քանի որ Սոդքի հանքը գտնվում է Դրմբոնի և Լոռվա հանքավայրերի միջև, այդ նախագիծը կարող է հետաքրքրություն ներկայացնել: Սակայն, այս պահի դրությամբ ես չեմ տիրապետում տեղեկատվության այն մասին, որ Vedanta ընկերությունը մտադիր է վաճառել հանքը, նշել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՙՎալեքս գրուպ՚ ընկերությունը ծրագրում ներգրավել Վնեշտորգբանկի 200 մլն դոլարի չափով վարկը, ինչը թույլ կտա Տեխուտի հանքավայրւմ արդյունահանել և վերամշակել տարեկան մինչև 7 մլն տոննա հանքաքար: Խմբի մեջ մտնող Armenian Capper Program ընկերությունը ստացել է Տեխուտի հանքավայրի շահագործման լիցենզիան 25 տարի ժամկետով: Պաշարները կազմում են 1,6 մլն տոննա պղինձ և 99 հազար տոննա մոլիբդեն: Մինչդեռ, Տեխուտի հանքավայրի շահագործումն առաջացրել է քննադատության և դժգոհության մեծ ալիք երկրի բնապահպանական շրջանակների ներկայացուցիչների կողմից: Այդ նույն բնապահպանական նկատառումներով նախագծին մասնակցելուց հրաժարվել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը:
Ինչ վերաբերում է Սոդքի հանքավայրին, ապա կառավարությունը դժգոհ է հանքավայրի շահագործմամբ զբաղվող AGRC ընկերությունից, որը պատկանում է հնդակական Vedanta խմբին, և պարտադրում է ներդրողներին հեռանալ Հայաստանից: Վերջին հետազոտությունների համաձայն, Սոդքի հանքավայրում ոսկու պաշարները կազմում են 80 տոննա /2,6 մլն ունցիա/, իսկ Մեղրաձորում`1 տոննայից պակաս:
